Էջ:Վերք Հայաստանի 04.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ լսողի սիրտն էսօր էլ ա կրակ ընկնում, երբ մտածում ա, թե որդիական սերն էր, որ բնության գրած զնջիլը էսպես ջարդեց ու փշրեց:

Ո՛չ քսան, երեսուն տարուց ավելի ա, իմ ազիզ հե՛ր, իմ սիրելի ա՛զգ, որ սիրտս կրակ ա ընկել, էրվում, փոթոթվում ա. գիշեր-ցերեկ լացն ու սուգ իմ աչքիցս, ա՜խն ու ո՜խը իմ բերնիցս չի՛ պակսում, ա՜յ իմ արյունակից բարեկամք, որ մեկ միտքս ու մուրազս ձեզ պատմեի ու հետո հողը մտնեի: Ամեն օր գերեզմանս առաջիս տեսնում էի, ամեն սհաթ մահվան հրեղեն սարը գլխիս պտտում էր, ամեն րոպեի ձեր սիրտն ու դարդը հոգիս էրում,մաշում էր. լսում էի ձեր քաղցր ձենը, տեսնում էի ձեր սիրուն երեսը, իմանում էի ձեր ազնիվ միտքն ու կամքը, վայելում էի ձեր ազիզ սերն ու բարեկամությունը, մտածում էի ձեր կորցրած փառքն ու մեծությունը, մեր առաջին, է՛ն հիանալի թագավորաց, իշխանաց գործքն ու կյանքը, մեր Հայրենյաց, մեր սուրբ աշխարքի առաջվան սքանչելիքն ու հրաշքը, մեր ընտիր ազզի աննման բնությունը ու արած քաջությունները: Մասիս առաջիս էր կանգնած միշտ, որ մատով ցույց էր տալիս, թե ի՞նչ աշխարքի ծնունդ եմ ես. դրախտը մտքումս էր կենդանի, որ ինձ, երազում թե լուրջ, միշտ մեր երկրի անունն ու պատվականությունը իմ առաջս էր բերում. Հայկ, Վարդան, Տրդատ, Լուսավորիչ՝ քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրա՛նց որդին եմ. Եվրոպա թե Ասիա՝ ինձ անդադար ձեն էին տալիս, թե Հայկա զավակն եմ ես, Նոյան՝ թոռը, Էջմիածնա՝ որդին, դրախտի՝ բնակիչը. դաշտում թե ժամում, չոլում թե տան՝ էն քարերն էլ ուզում էին, որ սիրտս պոկեն, հանեն, ուրտեղ որ իմ ազզի ոտը կոխել ա ու էսօր էլ կոխում ա. շատ անգամ, մեկ հայ տեսնելիս, ուզում էի էլած շունչս էլ հանեմ, նրան տամ,— բայց, ա՜խ, լեզուս փա՛կ էր, աչքս՝ բա՛ց, բերանս՝ բռնա՛ծ, սիրտս՝ խո՛ր, ձեռս՝ պակա՛ս, լեզուս՝ կա՛րճ. գանձ չունեի, որ գործով ցույց տայի ուզածս. անունս մեծ չէր, որ ասածս տեղ հասնի. մեր գրքերն էլ՝ գրաբառ, մեր նոր լեզուն էլ՝ անպատիվ, որ սրտիս հասրաթը խոսքով հայտնեի. հրամայել չէ՛ի կարող, խնդրեի, աղաչեի էլ՝ լեզուս մարդ չէ՛ր իմանալ, չունքի ես էլ էի ուզում, որ ինձ վրա չծիծաղին, չասեն՝ կոպիտ ա, հիմար ա, որ քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն չգիտի, ես էլ էի ուզում, որ ասեն. «Օ՜հ, էնպես խորը, խրթին շարադրել գիտի, որ սատանեն էլ միջիցը մեկ բառ չի՛ կարող իմանալ, հասկանալ»: Ես էլ էի ուզում, որ իմ գլուխս ցույց տամ, որ ինձ վրա զարմանան ու ինձ գովեն, թե հայերեն շատ խոր տեղակ եմ: Ով մեկ լեզու գիտի, ես մեկ քանիսը գիտեմ. ի՞նչ գիրք ասես, որ չեմ սկսել թարգմանիլ ու կիսատ թողալ. ոտանավոր, շարադրություն հո՛, էնքան եմ գրաբառ գլխիցս դուս տվել, որ մեկ մեծ գիրք էլ է՛ն կդառնա: