Էջ:Վերք Հայաստանի 112.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կասկած չէ՛ր տանում: Ղորդ ա, էստեղ-էնտեղ տավար, եսիր տանում էին, ամա էս բարի սովորությունը էսօր էլ ունին մեր պատվական դրացի Ղազախ-Բոռչալուն: Էսօր էլ են մարդ սպանում, թալնում, կոտորում, նրանց բան ու գործն է՛ս ա միշտ: Էստուր համար զարմանք չի՛, որ ո՛չ ոք մեկ չար բան չէ՛ր մտածում, թե Երևանը քոչում էր. նրանք հավատացնում էին, թե սարդարը ուզում ա գնա Արզրումու վրա: Ղալաբանթլղ հազար անգամ էր պատահել, էս նոր բան չէ՛ր, ու նրանց աղալարները էնպես էին Սավարզամիրզի սիրտը ձեռք քցել, որ ինչպես ուզում էին, էնպես էին շուռ տալիս: Բազի հայ էլ, որ Երևանիցը, իր բարեկամներիցը գիր էր ստանում ու գիտեր, թե բանի զորությունն ի՞նչ ա, ձեն հանելիս՝ Ղարաքիլիսումը վրեն ծիծաղում, ռխին խփում էին ու վախլուկ հայ կանչում: Աղալարները մեծավորի դուռն ու շեմը էնպես էին բռնել, որ մեկ հայի չէին էլ թողում, որ շունչն էլա հանի:

Էլի Փամբակու հայերը պարսից խորամանկությունը լավ իմանալով և իրանց քաշած դառն օրերը միտք բերելով՝ ամեն տեղ պատրաստություն էին տեսել: Համամլու, Պարնի գեղը, Գյումրի, որը բերդ ուներ, պատերը շինել, մեջն էին մտել. Խլղարաքիլիսեն բերդ ու էր չունենալով՝ սելեր ու գութան իրար վրա էր դրել, սանգար կապել.— ունեցած-չունեցած էնտեղ <էին> ղայիմացրել, գեղարենքն էլ իրանց մեջ առել, ինչ հին ժամանակից թուր, թվանք ունեին, հավաքել, տղամարդիկը գիշեր-ցերեկ ասպաբավորած՝ օղլուշաղը էնտեղ էին հավաքել, տավարը բերդի տակն արել, որովհետև նրանց մեծ հարստությունը տավարն ա, գիշեր-ցերեկ ղարավուլ էին քաշում. հանդն էլ բազմությունով էին գնում. ճամփեքը համարյա՛ թե փակվել էին. շատ գիշեր, շատ վախտ էլ Քրիստոսի խոսքին չէ՛ին մտիկ անում, մեկ թուրք աչքը թեքելիս, գլուխը հետն էր թեքվում. չունքի յայլաղի ժամանակն էլ էր:

Թուրքերը լավ էին իմանում, թե էշը ո՞րտեղ ա կորել, ու ինչ տեղ ուզում էին, որ իրանց գազանությունը բանացնեն, իրանց արինը իրանց սիրտն էր թափում, չունքի, թե քիչ, թե շատ, էլի Փամբակու, Լոռվա, Ղարաբաղու, Մշու, Բայազդի հայերը սարում, չոլում մեծանալով, շատ տերտերի ու ժամի ձեն չլսելով՝ մինչև էսօր էլ իրանց սոպռության հետ էն քաջ տղամարդության հոգին էլ ունին, որը որ ունեցել են մեր անհաղթելի նախնիքը, ու տեղն ընկած վախտը է՛լ ավետարանի ու վարդապետի խոսք նրանց չէ՛ր վախացնում, թե որ արին վեր ածեն, դժոխքը կերթան, ու մատը բարձրացնողի սաղ ձեռն էին բերանը կոխում, հավ թռցնողի՝ գլուխը թռցնում: Էս էր պատճառը, որ թուրքերը էսօր էլ էս ձորերովը անց կենալիս՝ էնքան քարափի լեռ քարիցը չեն վախենում ու գետի կատաղությունիցը,