Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 «Հայոց պատմության» 2-րդ գրքում (գլ․ ԼԱ, ԼԲ, ԼԳ)։

Ըստ ասորական «Վարդապետութիւն Ադդէի» և «Լաբուբնեայ Դիւանագրի Եդեսիոյ․ Թուղթ Աբգարու» աղբյուրների, Հիսուս Քրիստոսի պատասխանի հետ միասին Աբգարի սուրհանդակ Անանը բերել է նաև Փրկչի «կենդանագիր պատկերը» [թաշկինակի (սրբիչի) վրա դեմքի հպումով տպավորված]։ Այդ թաշկինակը կամ դաստառակը պահվել է Եդեսիայում, ապա՝ տարբեր վայրերի եկեղեցիներում։

Հայ եկեղեցին նախապես ս․ Աբգարի և ս․ Ադդեի հիշատակի տոնը նշել է միասին։ Բազմիցս հիշվում է Գրիգոր Մարզվանեցու և Լիակատար կոչվող Հայսմավուրքներում՝ դեկտեմբերի 31-ին։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը հետագայում առանձնացրել է ս․ Աբգարի հիշատակի տոնը, որը նշվում է Հիսնակի (Աստվածահայտնությանը նախորդող 50 օրերի տոնը) Դ կիրակիից հետո առաջին շաբաթ օրը։ Սակայն, ինչպես նշում է Շնորհք արք․ Գալուստյանը՝ «․․․տարւոյն գիրերուն համաձայն կը տեղափոխուի նաեվ Յիսն․ Բ և Դ կիրակիներու յաջորդող․․․» («Հայազգի սուրբեր», 1997, էջ 178) երեքշաբթի օրերին։

Գրկ․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1997։ Ավգերյան Մ․, Լիակատար վարք և վկայաբանութիւն․․․, հ․ 10, Վնտ․, 1814։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Սուրբերու կյանքը, Բեյրութ, 1994։


ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ, Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (մոտ 1520 – մոտ 1572), տպագրիչ, հոգևորական, հասարակական-քաղաքական գործիչ։ Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562-ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Աբգար Թոխաթեցու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ՝ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբանական հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Աբգար Թոխաթեցի Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Աբգար Թոխաթեցին քաղական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայեր «Սաղմոսարանը» (վերջինս մինչև 1880-ական թթ․ սխալմամբ համարվել է հայկական առաջին տպագիր գիրքը, իսկ Աբգար Թոխաթեցին՝ առաջին հայ տպագրիչը)։ 1567-ին Աբգար Թոխաթեցի տպարանը տեղափոխել է Կ․ Պոլիս և Ս․ Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ․ Պոլսի հայկ․ առաջին տպարանը, տպագրել հինգ գիրք՝ ամենօրյա ժամերգությունների համար եկեղեցածիսական «Ժամագիրք-Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների «Մաշտոց» (1569)։

Գրկ․ Չամչյանց Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Զարդարյան Վ․, Հիշատակարան (1512–1933), հ․ 5, Կահիրե, 1939։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։

Աղավնի Ութուջյան


ԱԲԵՂԱ (ասոր․ awila – չամուսնացած, մենակյաց վանական), Հայ եկեղեցում կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանը։ Ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից, օծվում մյուռոնով։ Կուսակրոն քահանաները, երբ ստանում են վեղար (ի նշան աշխարհուրացության), կոչվում են աբեղա, ուխտում ապրել վանքում։ Աբեղան կատարում է բոլոր խորհուրդները (ծիսակատարությունները), բացի ձեռնադրությունից և մյուռոնօրհնությունից, որոնք եպիսկոպոսի և կաթողիկոսի իրավունքներն են։ (Տես նաև Կուսակրոնություն)։


ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ [VI դ․ կես, գ․ Աղբաթանք (Ռշտունիք գավառ) – մոտ 613], Ամենայն հայոց կաթողիկոս 607-ից։ Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն։ Եղել է Ռշտունիք գավառի եպիսկոպոսը։ Նրա օրոք է տեղի ունեցել Վրաց եկեղեցու բաժանումը Հայ եկեղեցուց։ VI–VII դդ․, ինչպես ողջ քրիստոնյա Արևելքում, այնպես էլ Հայ և բյուզական եկեղեցիների միջև սրվել էր պայքարը