Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 Կաթողիկոս․ գահին Ա․ Ա Մ-ուն հաջորդել է Վահան Ա Սյունեցին։

Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Տեր-Մկրտչյան Գ․, Անանիա Մոկացի, «Արարատ», 1897, դ 2, էջ 91–96։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։

Վրեժ Վարդանյան


ԱՆԱՆԻԱ ԹԱՐԳՄԱՆԻՉ, Անանիա Սյունեցի, Անանիաս, Անանե (ծ․ և մ․ թթ․ անհտ), V դարի առաջին հայ թարգմանիչներից, մատենագիր։ Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։Սահակ Ա Պարթևը նրան ձեռնադրել է Սյունյաց եպիսկոպոս (ենթադրաբար՝ 415-ին)։ Ըստ Ստեփանոս արք․ Օրբելյանի՝ աթոռակալել է շուրջ 42 տարի՝ «պայծառացնելով Սյունյաց աթոռը»։ Մեսրոպ Մաշտոցի կենսագիր և աշակերտ Կորյունը և պատմահայր Մովսես Խորենացին որոշ տեղեկություններ են հաղորդում Ա․ Թ-ի մասին։ Ա․ Թ․ ուղեկցել է Մեսրոպ Մաշտոցին՝ Գողթնի առաջին քարոզչության ընթացքում, գործակցել է նրա հետ՝ Սուրբ Գիրքը թարգմանելիս և աղվանական գիրն ստեղծելիս, աղվաներեն թարգմանել ինչ-ինչ կրոն-եկեղեց․ գրքեր։

Ա․ Թ․ մասնակցել է Շահապիվանի եկեղեցական ժողովին (444), իսկ Արտաշատի ժողովին (449) եպիսկոպոս․ գահնամակում զբաղեցրել է առաջին տեղը։

Ա․ Թ-ի գրչի արգասիքն են «Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի՝ ի խորհուրդ Յովհաննու մարգարէի» և «Յաղագս Յովհաննու Մկրտչի, Անանիայի վարդապետի ասացեալ» խորագրով ճառերը՝ աստվածաբան․ բովանդակությամբ, ինչպես նաև Փիլոն Ալեքսանդրացու, Իրենեոսի գործերի հայերեն թարգմանությունները։

Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե․, 1986։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893, էջ 20, 208։ Սարգիսյան Բ․, Անանիա Թարգմանիչն և իւր գրական գործոց նմոյշներ, Վնտ․, 1899։ Ակինյան Ն․, Շահապիվանի ժողովին կանոնները, Վնն․, 1953, էջ 5։ Ալեքսանյան Վ․, Անանիա եպիսկոպոս Սյունեցի, Էջմիածին, 1999, դ 3։

Լևոն Սարգսյան


ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ, Անանե Նարեկացի (ծ․ թ․ անհտ – 980-ական թթ․, ամփոփվել է Նարեկավանքի գավթում), մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մեկնիչ, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ազգականը։ Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր։ Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմ եղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892-ին հրատարակել է Գ․ Տեր-Մկրտչյանը)։ Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց»-ը, որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը։ Ա․ Ն-ու «Հակաճառությունը» չի պահպանվել։ Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Ա․ Ն-ու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել թոնդրակեցիների ուսմունքի 14 կետերը («Արարատ», 1892, էջ 5–18)։ Ա․ Ն-ու աշակերտ Ուխտանեսը հիշատակում է նաև «Հաւատարմատ» գործը (973) ընդդեմ երկաբնակների, որը հեղինակն անձամբ ներկայացրել է կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունուն։

Ա․ Ն-ու գրվածքները կարևոր աղբյուր են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար։ Որպես մանկավարժ նա առաջնային է համարել ուսուցչի գիտելիքների հարստությունը, մեծ տեղ հատկացրել գրականությանը և երգեցողությանը։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ՝ հռչակված էր իր «․․․բազմամարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք․․․»։ Եղել է Խոսրով Անձևացու որդիների՝ Սահակի, Հովհաննեսի և Գրիգորի (Նարեկացիներ) ուսուցիչը, որոնց կատարած ընդօրինակությունների շնորհիվ մեզ են հասել Ա․ Ն-ու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները։ Գրիգոր Նարեկացին և Ուխտանեսը Ա․ Ն-ուն համարել են «հոգեզարդ փիլիսոփա» և «հռչակավոր հռետոր»։ Ուխտանեսը Ա․ Ն-ու պատվերով է գրել «Պատմութիւն Հայոց» երկասիրությունը։ Նրանք 980-ի հուլիսի 4-ին «յեզր գետոյն, որ կոչի Ախուրեան», զրուցել են «բերան ի բերան․․․ յաղագս պատմութեանս», այսինքն՝ միասին են քննարկել և ծրագրել աշխատության թե՛ կառուցվածքը և թե՛ բովանդակությունը։ Երկի առաջին (Ա) գլուխը ընծայական է Ա․ Ն-ուն։

Գրկ․ Ուխտանես, Պատմութիւն Հայոց, հ․ 1, Վաղ-պատ, 1871։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Աբեղյան Մ․, Հայոց հին գրականության պատմություն, հ․ 1, Ե․, 1944։ Թամրազյան Հ․, Անանիա Նարեկացի, Ե․, 1980։