Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

 և «Կանոնք Աբրահամու Մամիկոնէից եպիսկոպոսի առ Վաչագան Աղուանից արքայ» խրատականները։ Ա․ Մ․ համարվում է նաև V դ․ հույն եկեղեց․ պատմագիր Սոկրատի երկի թարգմանիչը կամ խմբագրողը (Փոքր Սոկրատ կոչված խմբագրությունը)։ Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որի մեկ այլ խմբագրությունը («Պատմութիւն ժողովոյն Եփեսոսի» կամ «Պատճառ հաւատոյ վասն տիեզերական և սուրբ ժողովոյն Եփեսոսի, և վասն անօրէն հայհոյությանն Նեստորի»)՝ Նաբովկ քաղաքի VI դ․ ասորի հակաքաղկեդոնական եպիսկոպոս Փիլոքսենոս Նաբովկացու (Մաբուգեցի) անունով։ Գրվածքը հայագիտության մեջ վերագրվել է կա՛մ վերջինիս (Գ․ Զարբհանալյան), կա՛մ Վրթանես Քերթողին (Ն․ Ակինյան), կա՛մ Ա․ Մ-ին (Բ․ Սարգիսյան)։

Հայ եկեղեց․ մատենագրության ուշագրավ գործերից է «Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի» երկը, որն առատ նյութ է տալիս Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեստորի (տես Նեստորականություն) դավան․ վեճի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի, նրա գումարման հանգամանքների, ընթացքի, պետության վերաբերմունքի և միջամտության, կյուրեղյանների ու նեստորականների անհաշտ պայքարի մասին։ Անցուդարձերի նկարագրությունից երևում է հեղինակի հակվածությունը դեպի կյուրեղյան-եփեսոսյան դավանությունը։ Հայ մատենագրության մեջ գրվածքը եզակի է նշված պատմ․ դեպքերի հանգամանալի շարադրանքով։

Երկ․ Թուղթ առ Վաչագան արքայ Աղուանից։ Պատմութիւն վասն ժողովոյն Եփեսոսի, Վնտ․, 1899։

Գրկ․ Զարբհանալյան Գ․, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ․, 1897։ Սարգիսյան Բ․, Աբրահամ Մամիկոնէից եպիսկոպոսն և իւր առ Վաչագան գրած թուղթն, Վնտ․, 1899։ Ակինյան Ն․, Վրթանես վարդապետ Քերթող և իւր երկասիրութիւնները, ՀԱ, 1910, էջ 39–45։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 1, Ե․, 1959։

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հուն․ vv – բարի, j – հրեշտակ, լրաբեր) (ծ․ և մ․ թթ․ անհտ), V դարի պատմիչ, հեղինակը հայ պատմագրության ու եկեղեցական մատենագրության հնագույն՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է եղել նաև «Գիրք Ս․ Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս․ Գրիգորի» անուններով։ Միջնադարում միջազգ․ լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է։ Կանոնական է համարվել Հայ եկեղեցու կողմից, օգտագործվել իբրև նվիրական, սրբազան մատյան։ Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատ․ և հուն․ լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը։ Սակայն քիչ հետո Ա․ հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ)։ Արվել է այն հետևությունը, որ Ա․ IV դ․ պատմիչ է (հավաստել են Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Սեբեոսը և այլք), նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ․՝ հայ գրերի գյուտից հետո։ Այս ավանդական տեսակետն անվերապահորեն ընդունվել է մինչև XVIII դ․ 2-րդ կեսը։

Ա-ի «Պատմութիւն Հայոց»-ի բնագիրն առաջին անգամ Գրիգոր Մարզվանեցու ջանքերով լույս է տեսել 1709-ին, Կոստանդնուպոլսում։ 1762-ին Հովհ․ Ստիլտինգը հրատարակել է Ա-ի երկի հուն․ թարգմանության բնագիրը (հետագայում բազմիցս վերահրատարակվել է) և լատ․ համառոտ թարգմանությունը։ Նա էլ առաջինը կասկածի տակ է առել Ա-ի հաղորդած պատմ․ շատ փաստերի վավերականությունը։ Սկիզբ է դրվել Ա-ի գիտ․ ուսումնասիրությանը։ Պատմության հայերեն բնագրի գիտ․ (մի քանի ձեռագրերի համեմատությամբ) առաջին հրատարակությունը Վենետիկում (1835) և հայագիտության զարգացումը խթան հանդիսացան երկի մասին բազում և բազմալեզու ուսումնասիրությունների ի հայտ գալուն։ Ա-ի երկի ստեղծման շուրջ կան լուրջ տարակարծություններ։ Օտարազգի և հայ մի շարք գիտնականների կարծիքով՝ V դ․ երկը կազմել են հայ առաջին թարգմանիչները և այն վերագրել IV դ․ ապրած մտացածին հեղինակի (իբր արժանահավատությունը բարձրացնելու միտումով), իսկ «Ա․» ոչ թե անձնանուն է, այլ հուն․ հասարակ անուն, որը թարգմանաբար նշանակում է բարի հրեշտակ, բարի ավետիս, ինչպես՝ evangelia – ավետարան ևն։ Ըստ այդմ, «Ագաթանգեղոսի Պատմություն» ասելով, պետք է հասկանալ «Բարի ավետաբերի (այսինքն՝ Գրիգոր Լուսավորչի) Պատմություն»։

Այլ ուսումնասիրողների կարծիքով՝ բուն երկը շարադրել է IV դ․ հեղինակ Ա․, բայց V դ․ այն զգալիորեն խմբագրել և փոփոխել են հայ առաջին թարգմանիչները (Կորյունը և