Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեկին տանում ես դեպի մոլություն,
Իսկ մյուսին՝ դեպի դառն ստրկություն.
Մեկին կաշառով, մյուսին երկյուղով
Թակարդ ես ձգում դիվական ցանցով…

♦♦♦

Անմե՜ղ պատանիք, սիրուն երեխեք,
Փոքր-ինչ հեռացա, դուք ինձ կըներեք.
Եթե իմանաք, թե այս րոպեիս
Ի՜նչ պատկերներ են առաջըս գալիս.
Տեսե՞լ եք արդյոք խախուտ խրճիթներ,
Բոբիկ, գլխաբաց, տկլոր մանուկներ,
Դատարկ ամբարներ, հորեր, մարաքներ,
Աղի պես լիզված երկայն մսուրներ.
Աչքերը պլըշած՝ քաղցած տավարներ,
Սիրտ պատըռտորող մայեր, բառանչներ…
Ջրաղաց չըկա,— ջուրը սառել է.
Ճանապարհ չըկա,— ձյունը կապել է.
Թե՛ մարդ, թե՛ տավար՝ միակերպ քաղցած,
Ողբում, լալիս են մահվան դուռն ընկած:

♦♦♦

Օրը կարճացել, գիշերն երկարել,
Լույսը նըվաճվել, խավարն է տիրել,
Երկինքն ամպապատ, գետինքը սառած,
Գարունը հեռու, ցուրտը կատաղած—
Այսպե՜ս է ահա սոսկալի ձմրան
Ալիքով ծածկած պատկերը դաժան…