Էջ:Metsapativ murackanner.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանուկ աղան ետ դարձավ․

— Միսն ինչո՞վ պիտի եփենք,— հարցուց կինը։

— Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով[1]։

— Ատ չէ իմ ըսածս․ ածուխ չունինք, քիչ մ՚ ալ ածուխ առնեիր։

— Շատ աղեկ,— պատասխանեց Մանուկ աղան և սկսավ երթալ։

— Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա,— կանչեց տիկինը նորեն։

Ետ դարձավ Մանուկ աղան։

— Աղեկ ա՛, մինակ միսով չըլլար, քիչ մ՚ ալ բրինձ ա՛ռ, որ ապուր մ՚ ալ շինենք։

— Աղեկ ըսիր, կնի՛կ, քիչ մ՚ ալ բրինձ առնենք։

Մանուկ աղան այս անգամ վազելով սկսավ երթալ․ փողոցը դառնալու վրա էր, երբ կինն բոլոր ձայնովն ետևեն զայն կանչեց․

— Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Ման․․․

Կանգ առավ էրիկն և վերստին ետ դարձավ՝ այս անգամ դեմքին զվարթության վրա քիչ մը գեղջ ընելով։

— Ի՞նչ կուզես․․․

— Մարդ աստուծո, շոգեկառքի պես կը վազես, ձայնս մարեցավ։ Սոխ չունինք, աղ ալ չունինք, քիչ մ՚ ալ գազ կամ ճրագ առնելու է, որ վառենք․ մարդը մութո՞ւն պիտի նստեցունենք։

— Աղեկ ա՛, ամենը մեկեն ըսե, որ նպարավաճառին երթամ և պետք եղածներն առնեմ․ հարյուր անգամ ետևես կանչեցիր։

— Ջուրի շիշ ալ չունինք․․․ գլուխս կապելու բան մը չունիմ, ոտքս հագնելու կոշիկ չկա․ այս վիճակին մեջ ի՞նչպես Աբիսողոմ աղային դեմը ելնեմ։

— Հիմա ուտելիքը առնենք, վաղն ալ հագնելիքը կը մտմտանք,— ըսավ Մանուկ աղան և դուռն ուժով մը քաշելով դուրս ելավ։

— Մանո՛ւկ աղա, Մանո՛ւկ աղա․․․

— Ուզածիդ չափ պոռա՛, ա՛լ ետ չեմ դառնար,— մռմռաց Մանուկ աղան և ճամփան շարունակեց։

Մանուկ աղան քանի մը փողոց դարձած էր, երբ կնկան ձայն մը առավ, որ զինք կը կանչեր։

— Գործ չունիս նե, պոռալով ետևես վազե,— ըսավ ինքնիրեն Մանուկ աղան՝ առանց գլուխն ետ դարձնելու՝ տեսնելու համար, թե ով էր զինք կանչողը։

— Մանուկ աղա, Մանուկ աղա,— կրկնեց ձայնը, որ տիրացու Մարտիրոսին տասնամյա աղջկանն էր։

Մանուկ աղան շարունակեց յուր ճամփան․ և տիրացու Մարտիրոսին աղջիկն՝


  1. Լոբի