Էջ:Metsapativ murackanner.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չեմ ուզեր․ ես անոթի եմ հիմա, կերակուր պիտի ուտեմ։

— Շատ լավ, ուտելիքի վրա ատենաբանություն[1] մը ընեմ։

— Ժամանակ չունիմ մտիկ ընելու։

— Կաղաչեմ, այդ խոսքը ուրիշ անգամ մի՛ ըսեր, ատկե ավելի ծանր խոսք չկա հեղինակի մը համար, որ յուր մեկ աշխատասիրությունն ուրիշի կարդալու փափագ կը հայտնե։ Կը խնդրեմ, բարձրապատիվ տեր, քաղցրությամբ վարվեցեք հեղինակներու հետ։

— Գլխուս վրա՞ նստեցունեմ քեզի։

— Ոտքըդ պագնեմ, մի ծաղրեք զիս, ինչո՞ւ ձեր գլխուն վրա նստեցունեք։

— Ի՞նչ ընեմ հապա, քսակս քեզի՞ տամ՝ հեղինակներու հետ քաղցրությամբ վարված ըլլալու համար։

— Ո՛չ, միայն ճառիս տպագրության ծախքը։

— Քան՞ ոսկիով կը լմննա գործդ։

— Չորս ոսկիով կը լմննա, բան մը չէ, իմ Մեկենասս[2] պիտի ըլլաս, ես ալ քու անունդ ոտանավորով մը գրքույկին ճակատը պիտի դնեմ։

— Ճակա՞տը դնես պիտի։

— Այո՛։

— Ինչո՞ւ համար։

— Որպեսզի ամեն մի մարդ գիտնա, թե ձեր ստակովը տպված է այն գիրքը։

— Շատ լավ,— պատասխանեց Աբիսողոմ աղան և քսակեն չորս ոսկի հանեց, տվավ։ Հեղինակն հազար հարգանք մատուցանելով՝ դուրս ելավ։

Աբիսոզոմ աղան ետևեն կանչեց զինքը և հարցուց․

— Չկրնա՞ր ըլլար, որ գրքին ճակատը սպասավորներուս ալ անունները դնես և իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչխարներ, էշեր և ագարակներ ունի յուր քաղաքին մեջ։

— Ադ ձեր ըսածները հովվերգության ճյուղին կը վերաբերին։

— Չեմ հասկնար։

— Ատոնց վրա ոտանավորներ կը գրվի․ եթե փափագիք ոտանավոր մը շինեմ։

— Ի՞նչ ընեմ ոտանավորը։

— Լրագրին մը մեջ տպել կուտաք։

— Կը տպե՞ն։

— Ինչո՞ւ չպիտի տպեն․ եթե կես ոսկի տալու ըլլաք, քառասուն անգամ կը տպեն։


  1. Ճառախոսություն
  2. Մեկենասը (մեռել է 8 թվ. Ք. ա.) հռոմեական արիստոկրատ, պետական գործիչ և գրականագետ էր։ Հայտնի է գրականությանը ցույց տված հովանավորությամբ։ Անունը ստացել է համաշխարհային հռչակ և դարձել հասարակ անուն ամեն մի ունևորի համար, որ հովանավորում է գիտությունն ու արվեստը։