Էջ:Metsapativ murackanner.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ մը ստակ վաստակե և հոս եկուր վարժապետներուն, բաներուն ցրվե․ ո՞ւր լսված բան է սա․․․

— Կարծեմ այս իրիկուն բարկացած եք,— ըսավ Մանուկ աղան սենյակին դուռն կամացուկ մը բանալով և ներս մտնելով։

— Բարկությունն ալ խո՞սք է․ իմ տեղս եթե ուրիշ մը ըլլար, մինչև հիմա բարկութենե ճաթած էր։

— Ի՞նչ եղավ, հոգի՛ս։

— Ի՞նչ կուզես, որ ըլլա․ վայրկյան մը հանգիստ չեն թողուր․ տուն կը նստիմ, վրաս կը թափվին, ստակ կուզեն․ փողոց կելնեմ, չորս կողմս կպաշարեն, ստակ կուզեն․ ճաշարան կերթամ, բոլորտիքս կը շարվին, ստակ կուզեն․ և ես ասոնց ձեռքին խալսելու համար տունեն փողոց, փողոցեն տուն կը վազեմ։ Կաղաչեմ, ասոնց ձեռքեն խալսելու համար ո՞ր ծակը մտնեմ, ըսե՛ ինծի։

— Իրավունք ունիս․ ես չե՞մ հասկնար․ ինծի ալ թող տվի՞ն, որ սա թաղականին գործը պատմեմ։

— Քսան նամակ դեռ հիմա պատռեցի։

— Ի՞նչ ըսած էին այդ նամակներուն մեջ։

— Ըսած էին, թե հետս գալ կուզեին տանս վարժապետություն ընելու համար, թե գիրք մը ինծի պիտի նվիրեն եղեր, և ասոր համար քսան ոսկի տալու եմ եղեր, թե լրագրի երկու բաժանորդ գրվելու եղեր, թե․․․ ի՞նչ գիտնամ, ո՞ր մեկը համրեմ, ո՞ր մեկն ըսեմ, դիմանալու բան չէ։

— Անոնք ալ աղքատ են խեղճերն, ինչ ընեն։

— Ապրելու համար թող ուրիշ գործ մը փնտրեն, արհեստ մը սորվին, վերջապես ընեն, ինչ որ կուզեն․ ես ի՞նչ հանցանք ունիմ, որ կուգան գլուխս կը թափվին, եղբա՜յր․ ունեցածս չունեցածս հանեմ, անո՞նց տամ։

— Ի՞նչու անոնց տաս։

— Մարդս քիչ մ՚ ալ ամչնալու է․․․․ չճանչցած մարդուս երթամ և բարև, աստծու բարին, ինծի ստակ տուր, ըսեմ․․․ դուն կրնա՞ս ըսել։

— Աստված ան օրը չցցունե։

Սենյակին դուռը նորեն բացվեցավ, և քսանհինգ տարեկանի մոտ միջահասակ պատանի մը դողդողուն քայլերով ներս մտավ և նամակ մը հանձնեց Աբիսոդոմ աղային, որ նամակը չբանալով հարցուց բարկությամբ․

— Ի՞նչ կուզես, մարդ։

— Մեջը գրված է,— պատասխանեց պատանին թոթովելով։

— Դուրսը մեջը քեզի ըլլա, ի՞նչ կուզես, ըսե։

— Վաղը իրիկուն ներկայացում մը պիտի տամ իմ հաշվույս համար, և ձեր ազնվության օթյակի մը տոմսակ բերի։

— Ես չեմ ուզեր,— պատասխանեց Աբիսողոմ աղան՝ նամակը պատանվույն երեսը նետելով։