Էջ:Metsapativ murackanner.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հետո գրագրին դառնալով նշանացի հրամայեց անոր, որ խահվե բերեն։

— Ժամ առաջ քաշեք սա պատկերս, որովհետև քանի մը մեծ մարդոց այցելություն պիտի ընեմ։

— Շատ լավ։

— Կուզեմ, որ պատկերս փառավոր կերպով քաշվի։ Կուզեմ թիկնաթոռի մը վրա նստիլ, առջևս ունենալ երկու սպասավոր, մեկ աղախին․ այնպես ըրեք, որպես թե ագարակի մը մեջ ըլլամ, ասդին վարուցան, անդին կովերեն կաթ կթեն, ասդին ոչխարներն արածեն, ասդին ցանեն՝ անդին քաղեն, ասդին հերկեն, անդին մածուն շինեն, ասդին ձմերուկ փրցունեն, անդին կարագ շինեն, ասդին սագերը ծովու մեջ լողան, անդին անտառին մեջ փայտ կտրեն, ասդին սայլերով ցորեն փոխադրեն, անդին վերջապես ինչ որ կըլլա ագարակի մը մեջ, տեսնվի պատկերիս մեջ։

— Այդ ամենը կարելի չէ կատարել․ միայն քանի մը սպասավորներ կրնամ կայնեցնել քովդ։

— Ինչո՞ւ չըլլար։

— Որովհետև անկարելի է։

— Մեծ մարդոց համար ի՞նչպես կընեք։

— Անոնք աթոռի վրա նստած կամ ոտքի վրա քաշել կուտան իրենց կենդանագիրը[1]։

— Ի՞նչպես ուրեﬓ կը հասկցվի անոնց մեծ մարդ ըլլալը։

— Պատկերը մեծկակ[2] ու փայլուն կըլլա։

— Իմի՞նս ալ անանկ պիտի ըլլա ուրեմն։

— Այո՛։

— Ոտքի՞ վրա, թե նստած։

— Ինչպես որ կուզեք։

— Դուք ի՞նչպես կուզեք․ ի՞նչպես հանեմ նե, աղեկ կըլլա։

— Ձեզի համար ոտքի վրա կը վայլե։

— Շատ աղեկ․ սպասավորներն ալ դեմս։

— Այո՛։

— Ես անոնք չախելու պես կըլլամ, անոնք ալ առջևնին կը նային։

— Սքանչելի։

— Ծեծելու պես կըլլամ զանոնք, և վերջը բարկությունս իջած կըլլա։

— Աղեկ խորհած եք։

— Հագուստներս ի՞նչպես են։

— Ընտիր։

  1. Լուսանկար։
  2. Մի փոքր մեծ։