Էջ:Nar-Dos Stories11.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տո, ո՞վ ա անգաջ դնում, ես դրանց… (հայհոյանք)։ Տեսնում են թե չէ, ոնց որ գեղի շները վրա տան։ Քարեր էլ են գցում, քարեր։

Բայց ծանոթն այլևս չէր լսում նրան, նա ծռվեց մյուս փողոցը և անցավ գնաց։

Իսկ Հոպոպը, բարձրաձայն շարունակելով հայհոյանքներով համեմված իր բանակռիվը բացակա երեխաների հետ, մտավ իրենց փողոցը։ Դռներին նստոտած կանանց խմբերի մոտով անցնելիս մի ջահել կին կանչեց նրա հետևից.

— Հո՛պոպ։

Ու իսկույն ծիծաղելով դեմքը ծածկեց մոտը նստած ընկերուհու մեջքի հետևը։ Մյուս կանայք ուրախ հռհռացին, բացի մի պառավ կնոջից, որը մեղմորեն հանդիմանեց բացականչողին։

Հոպոպը ետ չնայեց, բայց, իհարկե, առանց հարմարավոր հայհոյանքի չթողեց իր հետևից կանչող կնոջը և անցավ գնաց։ Այդ հայհոյանքն այնքան անհամեստ էր, որ պառավը նկատեց կանչողին.

— Հը՛, էդ էիր ուզո՞ւմ…

Իսկ մյուս կանայք, մանավանդ կանչողը, ամոթից ծածկեցին բերանները և, իրար կողք բզելով, աշխատում էին զսպել ավելի սաստկացող հռհռոցը։

Այնուհետև մինչև տուն հասնելը Հոպոպի միևնույն հայհոյանքը զանազան վարիանտներով ուղղված էր միայն իր հետևից կանչող կնոջ հասցեին։


* * *

Ամբողջ թաղը Հոպոպ մականունով էր կնքել զինագործ Ասատուրին, ժողովրդական այն առածի հիման վրա, որ ասում է, թե «Հոպոպը ինքը հոտած էր, կարծում էր, թե բույնն է հոտած»։ Եվ իսկապես, շատ հոտած, այսինքն կռվարար մարդ էր զինագործ Ասատուրը։ Պատճառը թերևս իրենք թաղեցիներն էին, որովհետև, ինչպես ինքն էլ շարունակ գանգատվում էր, ոչ մի օր չէին թողնում, որ մարդը հանգիստ տուն գնա։ Հոպոպին կատաղեցնելը մի կատարյալ զվարճություն էր նրանց համար։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նա տանը նստած, սուփրեն առաջին, գինու գավը կողքին, թուրքերեն բայաթի էր երգում իր ճաթած ձայնով, թաղի կանայք, որոնց մի առանձին հաճույք էին պատճառում նրա անզուգական հայհոյանքները, դրդում էին մի որևէ չարաճճի երեխայի, որ գնա չարացնի Հոպոպին։ Երեխան իսկույն վազ էր տալիս, գլուխը զգուշորեն ներս կոխում դռնից, կանչում «Հո՛պոպ» ու ծլկում