Էջ:Nar-Dos Stories13.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
* * *

Կինը տանը չէր, որ Հոպոպը տուն հասավ։ Դուրսը պատի տակ տղան տուն էր շինում տաշեղներից։ Բացի կարճ, կեղտոտ շապկից, ուրիշ բան չկար նրա հագին։

— Ո՞ւր ա մերդ,— հարցրեց հայրը։

Տղան վեր կացավ, աչքերը տնկեց հոր ձեռքի աղլուխին և պատասխանեց․

— Բագրատանց տուն գնաց։

Հոպոպի աչքերը կրակ կտրվեցին։

— Էլի՞… վայ ես նրա… — հայհոյեց նա, շտապով ներս մտավ, գավն ու աղլուխի կապոցը դրեց թախտի վրա և նորից դարձավ որդուն։– Գնա էս սըհաթիս կանչի։ Դե, հը՛։

Տղան, որ հոր հետևից ներս էր մտել և աչքը չէր հեռացնում աղլուխից, հանկարծ շուռ եկավ ու դուրս թռավ։

— Բագրատանց տո՜ւն… Լա՛վ, շա՛տ լավ,– սկսեց բարձրաձայն խոսել ինքնիրեն Հոպոպը,— Դե հըմի կգաս, կտեսնանք, էլի… ես քեզ Բագրատանց տուն շանց կտամ… Հա՛յ գիդի, հա՛, Ասատուրը մեռել ա, է՜լի, էլ չկա, էլ գետնի երեսին ման չի գալի, է՛լի, որ նրա կնկա հետ ուրիշներն են սիլի-բիլի անում… Հոպոպ որ դառանք, նամուս էլ կորցրի՞նք… Ա՛յ, գետինը չմտնի՞ էս գդակը։

Եվ նա գդակը պոկելով գլխից ուժգին թափով խփեց գետնին։ Հետո շարունակելով հայհոյանքներով համեմված սպառնալիքները կնոջ հասցեին, գոտիկը ետ արեց, հանեց արխալուղը, ոտնամանները, հոտած գուլպաները, շալվարը և դռան շեմքին կանգնելով, սկսեց չթի կարճ շապկի փեշով հով անել քրտինքից ջուր կտրած երեսին ու փորին։

Անհամբեր սպասում էր կնոջը․ բայց մինչև որ կինը կգար, ջգրած սրտով մոտեցավ գավին, գլխին քաշեց, ծծեց ագահորեն և, ծարավը հագեցնելուց հետո, գավը տեղը դրեց։ Հետո, առանց աղլուխի կապոցը բանալու, կտրեց շոթիներից մեկի սուր ու չոր ծայրը, բերանը գցեց և սկսեց ծամել։

Մոր հետևից գնացած երեխան ներս ընկավ գնդակի նման։

— Ասեց գալիս եմ,— ասաց նա և այս անգամ աչքերը տնկեց հոր բերանին։

— Հը՜մ,— մռնչաց Հոպոպը, հացը ծամելով, և ձեռքը նորից տարավ դեպի գավը։

Այսպիսով գավը մի քանի անգամ մոտեցրել էր նա շրթունքին և