Էջ:Nar-Dos Stories14.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պպզել թախտին, երբ վերջապես դռան շեմքին երևաց կինը,— բավական սիրունատես ու գիրուկ, մաշված դեղին չուստերը մերկ ոտներին և ծծի մանուկը գրկին։

— Ըհը՛, էս էլ եկա, ի՞նչ ես ուզում,— ասաց նա համարձակորեն, ըստ երևույթին շատ լավ իմանալով, որ կրկնվելու է ամենօրյա տեսարաններից մեկը։

— Ինչ եմ ուզո՞ւմ,— ասաց Հոպոպը, որ հենց նոր գավը նորից գլուխն է քաշել, գավը դրեց թախտի վրա, շապկի թևով սրբեց շրթունքը, մոտեցավ բռնեց կնոջ ձեռքից, ներս քաշեց և սպառնական դիրք բռնեց նրա առջև։— Ո՞րտեղ իր։

— Բագրատանց տանը,— նույն համարձակությամբ պատասխանեց կինը։

— Ի՞նչ իր շինում ընտեղ։

— Ի՞նչ պտի շինեի։ Լվացք ունեն անելու, կանչել ին, որ էգուց գնամ լվանամ։

— Լվա՞՜ցք… լվա՞՜ցք… Տո՛, ես քու… (հայհոյանք)… անտեր-մունդռի՞կ ես մնացել, քաղցած-տկլո՞ր ես մնացել, որ ուրիշների հմար լվացք ես անում։ Հաա՞։ Բա ես չկա՞մ, բա իմ գլուխը շներն ու գելերն են կերե՞լ։ Հաա՞։ Տո՛, իմ կնիկն ընչի՞ պտի ուրիշի լվացքն անի, հը՞։ Տո՛, Բագրատն ո՞ւմ շունն ա, որ իմ կնիկը գնա նրա հմար լվացք անի, հը՞։ Տո՛, Բագրատի պես հարուրին կառնեմ-կծախեմ, ու իմ կնիկը պտի գնա նրա հմար լվացք անի՞։ Ի՞նչ անենք, թե գդակին կակարդ ունի ցցած, ես նրա… (հայհոյանք Բագրատի հասցեին)։ Տո՛, ի՞նչ լվացք, ի՞նչ դես, ի՞նչ դեն, ո՞ւմ ես ուզում խաբի, հազիր ասես… Դեսն արի հլա, դեսը… (Հոպոպը քարշ տվավ նրան դեպի ավելի ներս, ձայնը ցածրացրեց, գլուխն առաջ տարավ և ֆշշաց սեղմած ատամների միջից), հազիր ասես գնացել իր նրա հետ շնութին անելու… Հը՞, սուտ ա՞… էլի կասե՞ս սուտ ա…

Կինը ձեռքը խլեց նրա ձեռքի միջից և չանչեց նրան։

— Ի՜, հողեմ գիժ գլուխդ,— ասաց նա արհամարհանքով և դարձավ, որ դուրս գնա։

Բայց մարդը չանչեց նրա թևից և թույլ չտվավ, որ տեղից շարժվի։

— Կա՛ց,— գոռաց նա,— ու՞ր ես գնում, որ գնում ես, հենց գիտաս ձեռիցս կպրծնե՞ս։ Գիժը հըմի կտեսնաս, թե ոնց գիժ եմ։ Ընչկլի հոգիդ չհանեմ, կթողա՞մ։ Բա ես մեռե՞լ եմ, որ էն շուն շան որդու հետ ես շնութին անո՞ւմ։ Հը՞, մեռել ե՞մ… մեռել ե՞մ… մեռել ե՞մ…

Եվ ամեն մի «մեռել եմ» խոսքի հետ բռունցքի մի ծանր հարված