Էջ:Nar-Dos Stories15.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր իջնում կնոջ մարմնին, ո՛ւր որ պատահեր— գլխին, ուսին, մեջքին… Կինը մի ձեռքով մանուկը գրկած՝ գլուխը կախել էր, որ հարվածները երեսին չդիպչեն, մյուս ձեռքով աշխատում էր բռնել մարդու ձեռքը, և եթե երբեմն աջողվում էր այդ, Հոպոպն ավելի էր կատաղում և հետագա հարվածներն ավելի անխնա էին լինում։

— Տո՛, գիժ Հոպոպ, ի՞նչ ես ուզում ինձնից,— կանչում էր կինը լաց լինելով։

Ծծի մանուկը ծվում էր նրա խտտին, իսկ մյուս երեխան մի կողմ քաշված՝ դիտում էր այդ շատ սովորական տեսարանը լուռ ու անտարբեր։

— Ես քեզ հլա փե՜տով պտի ծեծեմ, փե՜տով,— ասաց Հոպոպը շնչասպառ և, թողնելով կնոջը, սկսեց խենթի պես դես-դեն ընկնել սենյակում, որ փայտ գտնի։ Փայտ չգտնելով, նրա աչքովն ընկան իր ոտնամանները։ Ու վեր թռցրեց այդ ոտնամաններից մեկը, որի կրնկին հաստ նալ էր խփած գոգավոր մեխերով։

Մինչ այդ՝ կինը ծծի մանուկը դրեց թախտի վրա, շտկեց իրեն և վեր թռցրեց գինու գավը։

—Աբա՛ խփի, աբա խփի, տե՛ս էս գավի գլուխը ո՛րտեղ եմ ուտում,— կանչեց նա անվախ և սպառնագին։

—Վա՛յ ես քու…— բղավեց Հոպոպը և, ոտնամանը ձգելով ձեռքից, վրա վազեց, որ գավը խլի։

Բայց կինը ժամանակ չտվավ նրան, որ իրեն հասնի, ոտները հանեց չուստերից և դուրս փախավ գավը ձեռին։

Մարդն ընկավ նրա հետևից։

Ու փողոցում, ուր թաղի կանայք և երեխաներն արդեն հավաքվել էին նրանց աղմուկի վրա՝ սովորական տեսարանը դիտելու, մարդ ու կին վազում էին— կինը առջևից գավը ձեռին, մարդը հետևից գլխաբաց, ոտաբոբիկ և ներքնաշորով։

Փողոցում մի անասելի ժխոր էր բարձրացել, կանայք հռհռում էին, երեխաները սուր ծկլթոցներով «Հոպոպ» էին աղաղակում և սուլում, իսկ թաղի մանրավաճառի խանութի առջև հասուն տղերքը ծիծաղելով բղավում էին. «Հասի հա՜, Հոպոպ, հասի հա՛»։

Այդ սարսափելի ժխորի մեջ Հոպոպը վազում էր հա՛ վազում կնոջ հետևից, կարճ շապկի փեշը փռփռացնելով օդի մեջ և աչքը տնկած կնոջ ձեռքի գավին, որի մեջ գինին լըխկլխկում էր և թափվում բերանից։

Քանի գնում, այնքան փոքրանում էր տարածությունը մարդ ու կնոջ միջև, որովհետև գավը խանգարում էր կնոջն ավելի արագ վազելու։