Էջ:Nar-Dos Stories19.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատուհանների վարագույրները գցեց բաց փեղկերի գլխին, հետո ուզում էր իջնել, բայց մի բան մտաբերելով՝ արագ մոտեցավ թարեքին, ետ քաշեց վարագույրը և սկսեց մեկ-մեկ համարել թիթեղյա մատուցարանի վրա թեյի պարագաների կողքին դրված շաքարամանի միջի շաքարի կտորները։ Առավոտյան տնից դուրս գնալիս շաքարամանի մեջ ճիշտ տասը կտոր շաքար էր թողել նա, բայց այժմ, համարելուց հետո, տեսավ երկու կտոր պակաս է։ Ու ծտի նման ցած թռավ թախտից։

— Ա՛յ քեզ… ա՛յ, ա՛յ, ա՛յ…

Այս խոսքերով նախ երկու ձեռքով պինդ խփեց հարսի գլխին, հետո ծայրահեղ կատաղությամբ ատամները սեղմած՝ սկսեց սուր-սուր եղունգներով կմշտել նրա դեմքը, ձեռքերը, կողերը— ո՛ւր որ պատահեր․ ընդսմին, ամեն մի կմշտոցի հետ եղունգների մեջ բռնած կաշին ոլորում էր և ձիգ տալիս։

— Ըը՜…— ցավից մղկտաց Անանը և, երկու ձեռքով ամուր գրկելով երեխային, խոնարհվեց նրա վրա։

—Առանց ինձ չայ էլ ես խմում, հա՞… Այ քեզ… տասը կտոր շաքարից ութն ես թողել, ութ կտոր դառնաս դու… ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ… շատ էժան ենք առնում, հա՞, որ քոռ ու փուչ ես անում, քոռանաս ու փչանաս դու… ա՛յ քեզ, ա՛յ, ա՛յ…

Ու սուր եղունգները դանակի պես ակոսում էին Անանի վտիտ մարմինը։

— Վըի՜, վըի՜…— մղկտում էր Անանը ցավերից գալարվելով, և նրա ձեռքերը մեքենայաբար ավելի ու ավելի էին սեղմում երեխային, և նա ավելի ու ավելի էր խոնարհվում երեխայի վրա։ Իսկ երեխան սաստիկ ճչում էր նրա գրկին։

Գիժ-Հոռոմսիմի կատաղությունը գնալով սաստկանում էր։ Երկու ձեռքերի սուր եղունգները կարծես անզոր էին նրա բոլոր բարկությունը թափելու։ Նրան կատաղեցնում էր առանձնապես այն հանգամանքը, որ Անանը համարյա թե ձայն չէր հանում․ կարծում էր, թե ուրեմն հարսը բոլորովին ցավ չի զգում, մինչդեռ սիրտը հովացնելու համար ուզում էր, որ Անանը ճչար, աղաղակեր, լաց լիներ, օգնություն կանչեր, ուստի աշխատում էր խփել կամ կմշտել նրա մարմնի այնպիսի մի նրբազգաց տեղ, որ հարսը ստիպված էլներ վերջապես բարձրաձայն արտահայտել իր ցավը։ Բայց չէ, Անանը համառորեն ձայնը փորն էր գցել և, նրա առջև խոնարհված, զսպած հառաչանքներ էր միայն արձակում, որ գիժ-Հոռոմսիմը հազիվ թե լսում էր իր կատաղած ծկլթոցների և երեխայի լացի մեջ։