Էջ:Nar-Dos Stories21.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկու որբերի մեծ քրոջ— Անանի վիճակն էր իր կիսախելագար սկեսոր և նրանից ոչ պակաս վայրագ ամուսնու ձեռքից։

Պառավի մշտական պարապմունքը լվացարարությունն էր և հաց թխելը։ Շատ լվացք անելուց և թոնրի մեջ հաց կող տալուց նրա դեմքի և ձեռքերի կաշին եռացրած ջրի և թոնրի կրակի մեջ մրկվել, չորացել, ճաքճքել, մագաղաթ էր դարձել։ Լվացք անելիս փոքրիկ թոռներն օգնում էին տատին, մեկը փայտն ու տաշեղները խտտած, մյուսը կաթսան ուսած և լվացքի թաբախը քարշ տալով առաջնորդում էին լվացքի ծանր կապոցը շալակած տատին դեպի գետափ։ Եվ այնուհետև, երբ տատը կիզիչ արևի տակ թաբախի մոտ պպզած՝ ճմռում էր լվացքը, նրանք ծակ տոլչով ջուր էին մատակարարում մերթ կաթսայից թաբախին, մերթ գետից կաթսային։ Իսկ երբ պարապ էին մնում, աղջիկը դերիայի փեշերը շեքը հավաքած, տղան վարտիքը մինչև ազդրերը վեր քաշած՝ մտնում էին գետի վճիտ ջուրը և լպրծուն սալ քարերից ու խճից թումբեր կազմում։

Այդ երեկո էլ, ամբողջ օրը կիզիչ արևի տակ գետափին անցկացնելուց և լվացքը, կաթսան ու թաբախը տիրոջը հանձնելուց հետո, նոր էին վերադարձել տուն և հոգնած ու քաղցած՝ հաց էին ուտում, որ շուտով քնեն և առավոտը վաղ-վաղ դարձյալ գործի գնան։

— Նանի, որ ուտես՝ կորիզն ինձ տու, ասում էր թոռներից մեկը, ձմերուկի կորիզները հավաքելով իր առջև։

— Սուտ ա ասում, նանի ջան, ինձ տու,— ասում էր մյուսը, նույնպես կորիզները հավաքելով իր առջև։

— Հրեդ, դու քիչ ունե՞ս,— ասում էր առաջինը։

— Դու ավելի շատ չունե՞ս,— առարկում էր երկրորդը։

— Ո՞ւր ա, հը՜, ո՞ւր ա. շատ ըլի` քսանն, էլի՛։

— Քսանն էլ կըլի, հըլա հարուրն էլ։

— Հա, ո՜նց չէ. հարուրը հրեդ քունը կըլի ու…

— Դե քիչ բասեբաս մտեք, գլուխս ցավում ա,– բարկացավ տատն իրեն հատուկ բարեսրտությամբ։— Յանի ի՞նչ եք տեսել էդ կորիզի մեջ, որ ամեն հետ իրար միս եք կրծում։ Կեսը մեկիդ կտամ, կեսը մեկելիդ։


* * *

Պառավ Հեղնարը կորիզը երկու թոռների մեջ բաժանելու վրա էր, երբ հանկարծ ներս մտավ Անանը երեխան խտտին։ Մտավ շտապով, հուսահատ, վճռական քայլերով։