Էջ:Nar-Dos Stories22.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նանի՜, ախր իմ մեղքը ո՞նց ընկար, որ տարար ինձ էն դժոխքը գցեցիր,— բացականչեց նա լացակումած, երեխան գրեթե գցելով թախտի վրա։— Քա՞ր եմ, երկա՞թ եմ, որ դիմանամ։ Աստոձ ինձ էլ մարդ ա ստեղծե՞լ, թե շուն…

Նա նստեց թախտի վրա և, սրտի փղձուկը չկարողանալով բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար հեկեկալ, դեմքը ձեռքերով ծածկած։

Նանն իր երկու պստիկ թոռներով կորիզն էլ մոռացավ, ամեն բան էլ։ Սկզբում, երբ Անանը ներս մտավ այնքան անսովոր կերպով, պառավ Հեղնարը խիստ վախեցավ, բայց երբ Անանի խոսքերից իմացավ բանը, մնաց նստած տեղը ցամաքած, լուռ ու վշտահար։

— Էլ ի՞նչ արեց, աղջի,– հարցրեց նա։

— Չես գիտի՞ ինչ կանի,— արտասանեց Անանը հեծկլտանքի միջից։— Ջանիս վրա էլ տեղ չմնաց, որ արինլվիկ չարեց, էլ գլխիս վրա մազ չմնաց, որ չպոկեց, էլ գլխումս ղուղ չմնաց, էնքան թակեց… մինչև ե՞րբ… Մի հոգի ունեմ, դե էն ա, մի անգամ հանի, պրծնեմ, է՛լի… թե չէ, է՜լ հալ կա՞, որ դիմանամ…

— Այ, ոչ էր ըլել էն օրը, սև օր էր մթնել էն օրն իմ գլխին, որ դու մտար էդ քարուքանդ տունը,— հառաչեց Հեղնարը։— Քու սաբաբ ըլողի ջանը կրակ ընկնի, ոնց որ կրակ ա ընկել իմ ջանը։ Ախր էն գիժ սրտամեռն ի՞նչ ա ուզում քեզանից, որ ըտենց կրծում ա միսդ, շունը կրծի նրա միսը։

— Ի՞նչ ա ուզում,— դառնությամբ արտասանեց Անանը, գլխի աղլուխի ծայրով սրբելով աչքերը։— Էն ա ուզում, որ ասում ա՝ մի՛ ուտի, մի՛ խմի, մի՛ հագնի, մի՛ մաշի, հենց իմանաս մանանա ա թափվում ինձ հմար երկնքից։

— Ըսօր էլի գժվե՞ց։

— Գժվեց թե ընե՜նց… Առավոտը վեր կացավ, կորավ գնաց մեռելի թաղման։ Չունքի ինքը չէր խմելու, չթողեց որ սամավար գցեմ։ Յագորն էլ խո առավոտը լիսանում ա թե չէ, դրոգը լծում գնում ա, առանց չայ խմելու։ Դե իմ գլուխը ջհանդամը, չայի հմար սիրտս շատ էլ չի գնում, էս էրեխեն էր լաց ըլում, սոված էր։ Չուտելուց ծիծս չորացել, կպել ա դոշիս։ Գնացել, հարևանից մի չայնիկ ջուր եմ բերել, էրկու կտոր շաքար եմ գցել, հաց բրդել, ուտեցրել, որ անջախ ձենը կտրել ա։ Սաղ օրը կորած էր։ Իրիկնապահին քելեխը զահրումար արած, հարբած-տրաքված տուն էկավ ու էկած-չէկած՝ հըլա մի լավ անըծքակոխ արավ, ենա վրա ընկավ թարեքին։ Տեսավ էրկու կտոր շաքար պակաս ա․ խո գիտաս, շաքարն էլ ու ամեն բան էլ համբրած ունի տանը, ո՞նց թե,