Էջ:Nar-Dos Stories26.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայծառ ճառագայթներով ողողված։ Նրան թվում էր, թե անասունները, երբ նրանց սպանդանոց են տանում, ճիշտ նույնը պիտի լինեն զգալիս, ինչ որ զգում էր ինքն այդ րոպեին։ Նա մի վտիտ երիտասարդ էր խիստ բարի աչքերով և անվստահ շարժումներով։ Խոհանոցից դուրս եկող իմերել ծառային խնդրեց կամացուկ, որ տանտիրոջն իմաց տա, թե ուզում է տեսնել նրան։ Ծառան, մոխրագույն բրդե չուխայի ետ ծալած երկայն ու լայն թևերը ցած թողնելով, գնաց նրա խնդիրքը կատարելու։ Պատրիկյանը հետևից նայեց նրա երկարաճիտ, փափուկ անկրունկ կոշիկներին, որոնք քայլելիս ոչ մի ձայն չէին հանում։ Հետո աչքը գցեց խոհանոցի բաց պատուհանից ներս, որտեղ խոհարարը, ամբողջապես սպիտակազգեստ, ձյունի պես սպիտակ ու մաքուր արախչին գլխին, վարժ ձեռքերով փետրահան էր անում նոր մորթած վառիկներ և բերանով ինչ-որ պարերգ էր շվշվացնում։ Ծառան դուրս եկավ և դռան մոտից ձեռքով արավ նրան։ Պատրիկյանը զգուշորեն անցավ պատշգամբով, դռան մոտ սրբեց ոտները, ծառայի առաջնորդությամբ մտավ ճաշասենյակը, այնտեղից՝ ընդարձակ ու խիստ բարձր դահլիճը, որը կորած էր հսկայական ծաղկամանների, աթոռների, բազկաթոռների, սեղանների, գահավորակների, բազմոցների մեջ և կանգ առավ տանտիրոջ առանձնասենյակի դռան առջև։ Ծառան դուռը բաց արեց, ներս հրավիրեց նրան, իսկ ինքը հեռացավ։

Գուցե ամենամոլեռանդ աստվածապաշտը այնպիսի երկյուղածությամբ չմտներ սուրբ խորանը, ինչպես մտավ Պատրիկյանը տանտիրոջ առանձնասենյակը։ Տանտերը, որի ազգանունը փողոցի շքադռան պղնձե տախտակի վրա փորագրված էր Դավիթ Ֆոմիչ Աղամիրով, մոտ 40—45 տարեկան տղամարդ էր խիստ ջղուտ, կարծես բրոնզից ձուլված դեմքով, սպիտակախառն կոշտ մազերով և սրածայր կարճ մորուքով։ Նա նստած էր թղթերով, թղթապանակներով, գրքերով և անթիվ մանր-մունր բաներով ծանրաբեռնված ահագին գրասեղանի առջև և գրում էր։

— Ներեցեք, ես՝ իսկույն,— ասաց նա, մի վայրկյան նայելով այցելուին պենսնեի վերևից, և շարունակեց գրել։

Պատրիկյանը մնաց կանգնած։

— Խնդրեմ նստեք,— ասաց տանտերը, շարունակելով գրել։

Պատրիկյանը կամաց նստեց, գլխարկը ծնկների վրա բռնած, և նայեց շուրջը։ Սենյակը զարդարված էր, դահլիճի պես, փարթամորեն։ Կահավորանքի մեջ աչքի էր ընկնում ոչ այնքան ճաշակը, որքան փափկակեցության թուլությունը։ Պատրիկյանը ուր նայում էր, տեսնում էր գորգ ու թավշյա բարձիկներ։ Կար և գրքերի մի շատ երկար պահարան