Էջ:Nar-Dos Stories29.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատրիկյանը գլուխը բարձրացրեց և նայեց նրան ամոթխածության ժպիտով։

— Ո՞վ գիտե… գրում եմ, է՛լի…

— Դե դուք գիտեք,— ասաց տանտերը և վեր կացավ։ Նրան հետևեց և Պատրիկյանը,— Ձեր կողքի կենողը, այն հրեա կինը, որ դանակներ և կողպեքներ է ծախում բակի դռան մոտ, տասը տարի է կենում է, և չեմ հիշում մի ամիս, ամենայն ճշտությամբ վճարած չլինի բնակարանի և սեղանի վարձը, չնայելով որ մեն-մենակ այնքան էլ ահագին ընտանիք է պահում։ Ասելս այն է, որ…

Նա խոսքը չվերջացրեց, ըստ երևույթին հանկարծ ինչ-որ բան հիշելով, և հանկարծ սկսեց շուռումուռ տալ գրասեղանի վրա թափված թղթերը։

— Ինչևիցե, ցտեսություն,— ասաց առանց այլևս ուշադրություն դարձնելու Պատրիկյանի վրա։— Մի քանի օր էլ կսպասեմ։

Պատրիկյանը դուրս եկավ։ Ճաշասենյակով անցնելիս տեսավ տանտիրոջ կնոջն,— շատ, բարձր և շատ լղար մի կին անհրապույր դեմքով, որը սեղանի ծայրին դրած արծաթյա սկուտեղի մոտ կանգնած՝ թեյի բաժակներն էր լվանում։ Մոտը կանգնած էր նրա փոքրիկ տղան և սպիտակ հացի վրա կարագ ու մեղր քսելով՝ ագահաբար կուլումուլ էր տալիս։

— Սենյակի վարձը բերի՞ք,— կանչեց Պատրիկյանի հետևից տանտիկինը, երբ նա սուu ու փուս դիմում էր դեպի պատշգամբի դուռը։

Պատրիկյանը կանգ առավ։

— Ոչ, տիկին։

— Ինչո՞ւ։

— Պարոնին խնդրեցի, և նա համաձայնեց մի քանի օր էլ սպասել։

— Մի քանի օր էլ մի քանի օր էլ,— բավական կոպիտ կերպով վրա բերեց տանտիկինը, թեյը լցնելով տղայի համար։— Չենք իմանում, ե՛րբ պիտի վերջանա ձեր մի քանի օրը։ Դուք օգուտ եք քաղում նրա բարությունից։ Այդպես չի կարելի։ Կամ պետք է ժամանակին վճարեք, կամ, եթե չեք կարող, դատարկեք սենյակը։

— Տիկին,— ուզեց արդարանալ Պատրիկյանը, բայց տիկինը ավելի ևս կոպտությամբ կտրեց նրա խոսքը.

— Լսել անգամ չեմ ուզում։

Ու զայրացած շուռ եկավ դեպի բուֆետը։

Պատրիկյանը շրթունքները սեղմեց ատամների մեջ ու դուրս գնաց։

Պատշգամբում նրա դեմ ելավ տանտիրոջ աղջիկը, որը դեմքով շատ նման էր մորը, և նրա ֆրանսուհի դաստիարակչուհին, որոնք թևանցուկ