Էջ:Nar-Dos Stories32.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նստեց նրա գրասեղանի ծայրին, վերցրեց տեղական ռուս թերթերից մեկը, որոնցից քարտուղարը լուրեր էր քաղում, և սկսեց աչքի անցկացնել։ Տեղական լուրերից մեկը կարդալուց հետո հարցրեց.

— Ինչո՞ւ այս լուրը չես նշանակել։

— Ո՞ր լուրը,— հարցրեց քարտուղարը շարունակելով գրել։

— Ինչ-որ նոր հռչակավոր երգիչ է եկել, Ժապինովը։ Գաստրոլի է հրավիրված օպերային թատրոնում երգելու։

— Հե՛րն անիծեմ,— սրտանց արտասանեց քարտուղարը, առանց գլուխը բարձրացնելու թղթի վրայից։— Մե՞զ ինչ։ Բոլոր թերթերին հայտարարություններ են տալիս, սեզոնային ձրի տոմսակներ են տալիս, իսկ մեզ շան տեղ էլ չեն դնում։ Եվ մենք պետք է վեր կենանք նրանց համար ռեկլամնե՞ր տպենք։— Տես, թե ուրիշ բան աչքիցս թռցրել եմ, ասա։

Ներս մտավ տպարանական փոքրիկ աշակերտը մրոտ երեսով ու ձեռքերով և ամառվա բարակ կապույտ բլուզով, որի մեջ սրթսրթում էր նրա վտիտ մարմինը։

— Նութ,— ասաց նա յու-ն ու հնչելով։

— Սպասիր մի քիչ,— ասաց քարտուղարը, և գրիչը նրա ձեռքին սկսեց շարժվել ավելի արագ։ Գրեց վերջացրեց թուղթը և մյուս թղթերի հետ ծալեց տվեց աշակերտին։— Ահա տար, որ էլի գալու լինես, հարցրու էլի քանի կոլոն հարկավոր կլինի։

Աշակերտը դուրս գնաց, գլխարկը փողոցում ծածկելով։

— Դե՛հ, Պատրիկ, պարապ մի նստի,— ասաց քարտուղարն ակնոցն ուղղելով և նոր գործի պատրաստվելով։— Նյութ չունենք, մի բան գրիր ձեռաց։

— Տրամադրություն չունեմ,— ասաց Պատրիկյանը մելամաղձորեն։

— Ես հեստիկ եմ, որ խեղդվում եմ, ա՛յ, տրամադրությունից։

— Դու մեքենա ես դարձել։

— Շատ մի՛ խոսիր, գրիր, հոգիս դուրս է գալիս մենակ։ Գիշերն էլ մինչև ժամը երկուսը տպարանումն եմ անցկացրել, որովհետև սրբագրիչը հիվանդացել է։ Ես վախենում եմ վաղը չէ մյուս օրը ցրիչի դեր էլ կատարեմ։

— Ո՞ւր է խմբագիրը, ինչո՞ւ չի օգնում։

— Գնացել է փող ճարելու, որովհետև տպարանատերը սպառնացել է, որ եթե այսօր փող չստանա, համարը բաց չի թողնի։ Գրաշարներն էլ մյուս կողմից են փող պահանջում։ Հետո՝ փոստը, հեռագիրը, տանտերը— ո՞ր մեկն ասեմ։ Էգուց-էսօր բաժանորդագրություն ենք