Էջ:Nar-Dos Stories33.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանալու, թերթը պետք է կանոնավոր հրատարակենք, որ բաժանորդները չխրտնեն, և հանկարծ— այսպիսի խայտառակություն… Գրիր, գրիր, խոսելու ժամանակ չէ։

— Ի՞նչ գրեմ։

— Ինչ ուզում ես։ Ուզում ես՝ լուսնի մասին, ուզում ես՝ աստղերի, միայն թե թերթը լցնենք։

Պատրիկյանը դանդաղորեն մի քանի թերթ թուղթ քաշեց առաջը, գրիչը թաթախեց թանաքամանի մեջ, կարճ ժամանակ մտածեց և գրեց վերնագիրը. «Երեք ամիս, և հինգ օրինակ միայն», տակն էլ գիծ քաշեց։ Այստեղ կանգ առավ, ճակատը շփեց և, երկար մտածելուց հետո, սկսեց.

«Այս օրերիս պատահեցի մեր սկսնակ գրողներից մեկին, որի համար կրիտիկան կամ այն, ինչ որ մեզնում կրիտիկա է անվանվում, միաբերան վկայել է, որ ձիրքից զուրկ չէ։ Նա գանգատվեց ինձ, թե ահագին նեղություններով հրատարակված իր մի գրքից երեք ամսվա ընթացքում վաճառվել է հինգ (հարյուր չկարծեք) հատ միայն, իսկ մյուսից՝ ոչ մի օրինակ։ Այս տխուր իրողությունը շատ լավ ծանրաչափ կարող է լինել, ցույց տալու համար մեր հասարակության ընթերցասիրության չափը և, միևնույն ժամանակ, շատ դառն մտածմունքների առիթ է տալիս մեր գրականության ապագայի մասին։ Մեր հասարակությունը…»

Պատրիկյանը նորից կանգ առավ, մտածեց, մտածեց, հետո գրիչը վար դրեց և ասաց.

— Այստեղ ոչինչ չի կարելի գրել. մատներիս ծայրերը փետացան։

— Տո՜, գրի է՜,— բղավեց քարտուղարը, որի գրիչը շարունակում էր արագ շարժվել թղթի վրա։— Վաղուց է՞ այդքան քնքշացել ես։ Կարծես թե քո հավաբունը սրանից տաք լինի, անունն էլ սենյակ ես դրել։ Գրի՛ր։

Պատրիկյանը սառած ձեռքերը շփեց իրար, բերնի գոլորշիով տաքացրեց մատների ծայրերը, նորից առավ գրիչը, գիծ քաշեց «Մեր հասարակության» բառերի վրա և շարունակեց.

«Ճիշտ է, չի կարելի պնդել, թե մեր հասարակությունն ընթերցասեր չէ, բայց…»

— Կարելի՞ է մտնել,— լսվեց մի ուժեղ բարիտոն։

Պատրիկյանը և քարտուղարը միաժամանակ բարձրացրին գլուխները և նայեցին դեպի նախասենյակի դուռը։ Այնտեղ կանգած էր մի թիկնավետ երիտասարդ, բեղերն ու մորուքը սափրած, թանկագին մուշտակով և պլպլան ցիլինդրով։