Էջ:Nar-Dos Stories47.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թեթև հանդերձը, որով նա նմանվում էր իսկական հավերժահարսի՝ ընկղմված ծովի փրփուրների մեջ։

Պատանի արտիստը վերից վար նայում էր իր ծնկան վրա հանգչող երազական գեղեցկությանը և ինքը ևս զարմանում էր, թե այն ի՞նչ նոր հնչյուններ են, որ իր ձեռքի շարժումից գեղում է ջութակն այնքան տիրականորեն։

— Անտո՜նիո, մի՞թե այնքան, հպարտ ես, որ մի համբույր չես տա ինձ։

Ջութակը լռում է։ Պատանի արտիստը կամաց խոնարհվում է հավերժահարսի դեմքի վրա, նրանց մազերը գրկախառնվում են և թրթռուն շրթունքները միանում են մի բոցոտ համբույրի մեջ։

― Անտո՜նիո, Անտո՜նիո…

― Ջուլիետտա, Ջուլիետտա…


4

Մի երեկո էլ, սովորական ժամին, պատանի երաժիշտը գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած՝ իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին։

Պատուհանը փակ էր։

Պատանի արտիստը, սակայն, չէր հուսահատվում. ջութակը մերթ կանչում հրամայաբար, մերթ խնդրում աղերսագին, մերթ խոսում լալագին, մերթ հառաչում ու լալիս հուսահատորեն։

Պատուհանը միշտ փակ էր։

Այնուհետև, երբ ջութակն իր վերջին հուսահատկան ճիչերն էր արձակում, պատուհանի մի փեղկը կիսով չափ բացվեց, նախ մի դրամ զրնգաց գետնին և ապա թղթի մի կտոր, օդի մեջ պտտվելով, ցած ընկավ պատանի երաժշտի ոտների առջև։

Թուղթը վերցրեց և կարդաց.

«Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։

Կարդաց, առժամանակ շանթահար մնաց տեղնուտեղը արձանացած, հետո ցնցվեց ուժգնորեն, մի կայծակնացայտ հայացք նետեց դեպի ազնվական ապարանքի բարձունքը, թուղթը, ցասումով լի, ուզեց պատառ-պատառ անել, բայց զսպեց իրեն, խնամքով ծալեց, ծոցը դրեց, ոտով դեն շպրտեց գետնին ընկած դրամը և, ջութակը պինդ սեղմելով