Էջ:Nar-Dos Stories6.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքրիկն իսկույն սուս արավ և մթելը գլխին քաշեց։ Աղջիկը նույնպես լռեց, չոքեչոք գնաց դեպի անկողինը, պառկելուց առաջ քորումոր եկավ ամբողջ մարմնով, հետո մթելի մի ծայրը բարձրացրեց, մտավ տակը, գլուխը դրեց եղբոր գլխի մոտ, կուչ եկավ սրթսրթալով և համարյա թե նույն րոպեին էլ քնեց։

Քամին շվշվացնում էր դուրսը, բզզում էր բուխարու մեջ, ծեծում էր դուռը ու պատուհանը․ իսկ ներսը լռության մեջ լսվում էր քնած երեխաների շնչառությունը և երբեմն-երբեմն Դավթի մռմռոցը։ Այնինչ Մային, գլուխը միշտ կախ, կարում էր հա՛ կարում, և սպիտակ քաթանը նրա հոգնած աչքերի առաջ երբեմն-երբեմն շերտավորվում էր կարմիր, կանաչ, դեղին զոլերով։

Պառկած տեղն էլ հանգիստ չէր կարողանում մնալ Դավիթը, տենդով բռնված մարդու պես դես էր շուռ գալիս, դեն էր շուռ գալիս, մռնչում էր, փռնչում, ոգելից խմիչքի ծարավն ավելի ու ավելի էր նեղում նրան։ Նրան թվում էր, թե այդ գիշեր չի լուսացնի, կամ կմեռնի, կամ կգժվի։ Առհասարակ ամբողջ օրը հիվանդ էր զգում իրեն․ գլուխը ծանր էր քարի պես, աչքերից ջուր էր գնում, ձեռները դողում էին, ծնկների մեջ ինչ-որ մղմիղ էր զգում, իսկ ստամոքսի մեջ կարծում էր, թե մժեղներ են դժվժում․ չնայելով, որ ոչինչ չէր կերել, այնուամենայնիվ քաղց չէր զգում և ուտելու մասին չէր էլ մտածում։ Զգում էր միայն, որ մի քանի բաժակ օղին բավական էր այդ հիվանդագին բոլոր երևույթները ձեռաց վանելու համար։

— Օ՛, ես ձեր… — մի ծանր բռունցք իջեցնելով թախտի վրա, զորավոր հայհոյանք ուղղեց նա հայտնի չէ ում հասցեին, նստեց, ոտները կախեց թախտից, խոնարհվեց և գլուխն առավ ձեռքերի մեջ։ Գոնե քունը գար, որ թերևս առժամանակ մոռանար այդ անտանելի պապակը։ Ոգելից խմիչքի ծարավը չէր այնքան, որ տանջում էր նրան, այլ ավելի երևակայությունը, որ այնքան հրապուրիչ ու գայթակղիչ մտապատկերներ էր ստեղծում օղու և գինու շուրջը ընկերական շրջանում, դուդուկի և արգանի ձայների տակ, գինետան մեջ, որի քացախած օդը նրա համար ավելի ախորժելի էր, քան բուրավետ վարդն ու ծաղիկը։

Նա վեր կացավ և սկսեց քայլել սենյակի երկայնքով։ Մտածում էր՝ ի՞նչ աներ այդ սոսկալի դրությունից ելնելու համար․ մտածում էր կյանքի և մահվան առեղծվածի առջև կանգնած մարդու մտատանջանքով։ Ամեն անգամ, որ մոտենում էր սենյակի անկյանը, նրա աչքովն