Էջ:Nar-Dos Stories8.png

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերադառնում խանութից։ Չորրորդ ամիսն էր, որ նրան աշակերտ էր տվել մի պղնձագործի՝ մի տարի անվարձ ծառայելու, մինչև որ արհեստ սովորեր։

Որովհետև դուռն իսկույն բացող չեղավ, նորից ծեծեցին։

Դավիթը վեր թռավ, նստեց և դարձավ կնոջը կատաղած․

— Տո, խլացել ե՞ս, չես իմանո՞ւմ։ Էս էլ խո ես չեմ, վե կաց բաց արա, է՛լի։ Այ չորանաս էդ ճրագի տակը, հը՜, ընենց կպչես էդ թախտիցը, որ էլ պոկ չգաս։ Մի հարցնող ըլի, օգուտդ ի՞նչ ա, է՞, էդ անտեր-մունդռիկ կարիցը։ Նավթն էլ մինչև լիս էրում ես։

Մային կարը մի կողմ դրեց, մեջքը հազիվ շտկեց, վեր կացավ, իջավ թախտից և ամուսնու անհատնում հայհոյանքների ուղեկցությամբ գնաց դուռը բանալու։

Մտավ Ակոբը գզգզված հագուստով, մրից սևացած դեմքով, ձեռքերով և մինչև սրունքները մերկ ոտներով։ Ցրտից սրթսրթում էր ամբողջ մարմնով և ատամները նկատելի կերպով զարնում իրար, բայց աչքերն իրենց տարօրինակ սպիտակուցներով սևացած դեմքի վրա փայլում էին մանկական ինչ-որ անհուն բերկրանքով։

— Մայիլո ջա՜ն,— մտնելուն պես բացականչեց նա,— ըսօր մեկն եկավ, պղինձներ առավ, տարա տուն, մի աբասի փող բաշխեց։ Ա՜յ։

Դավիթը փողի անունը լսելուն պես ծտի նման թռավ տեղից և մի ոստյունով հասավ դռան մոտ։

— Աբա՛, աբա՛…

Ու քաղցած գայլի պես վրա ընկավ երեխային։

Մայրն ընկավ որդու և նրա մեջտեղ։

— Չտաս, չտաս, Ակոբ ջան, հաց չունենք․ հաց կառ…

Խոսքը չվերջացավ կնոջ բերանում․ Դավիթն երկու ձեռքով բռնեց նրա ոսկրացած ուսերից և այնպիսի ուժով ետ շպրտեց նրան, որ նա փռվեց գետնին մեջքի վրա։

— Ի՛նձ տու,— բղավեց և այնպես պինդ հուպ տվեց որդու բռունցքը, որ նա ցավից ճչաց և իսկույն փողը վայր գցեց ձեռքից։

Դավիթը փողը թռցրեց գետնից և խելագարի պես դուրս թռավ…

Երբ Մային ուշքի եկավ և աչքերը կամաց բաց արեց, կարծես երազի մեջ տեսավ, որ Ակոբը պատին կպած՝ լաց է լինում երեխայական ուժգին հեծկլտանքով, և ցուրտ քամին փչում է բաց դռնից, բլբլացնելով լամպի լույսը թախտի վրա։ Մեծ դժվարությամբ նստեց, երկու