Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերը դեռ նոր էր պատել երկինքը, բայց Բուլբան միշտ վաղ էր պառկում։ Նա մեկնվեց գորգի վրա, վրան քաշեց ոչխարի մորթե մուշտակը, որովհետև գիշերային օդը բավական զով էր և մեկ էլ, Բուլբան երբ տանն էր, սիրում էր տաք փաթաթվել։ Շուտով նա սկսեց խռմփացնել, և ամբողջ տունը հետևեց նրան։ Ինչ որ կար-չկար բակի զանազան անկյուններում՝ բոլորն սկսեցին խռմփացնել ու եղանակել։ Ամենից առաջ քնեց պահապանը, որովհետև պանիչների գալու առթիվ ամենից շատ նա՛ էր խմել։ Միայն խեղճ մայրն էր արթուն: Նա խոնարհվել էր կողք-կողքի պառկած իր սիրելի զավակների սնարին։ Նա սանրում էր նրանց անփույթ խճճված երիտասարդ գանգուրները և թրջում իր արցունքներով։ Նա նայում էր նրանց ամբողջ հոգով, նայում էր իր բոլոր զգացմունքներով, նա ողջ էությամբ դարձել էր միայն տեսողություն և չէր կարողանում նայելուց կշտանալ։ Նա սնուցել էր նրանց իր կաթով, նա մեծացրել և փայփայել էր նրանց, — և ահա միայն մի վայրկյան է տեսնում նրանց իր առաջ։ «Ի՛մ զավակներ, ի՛մ սիրելի զավակներ, ի՞նչ կպատահի ձեզ, ի՞նչ է սպասում ձեզ», — ասում էր նա, և արտասուքի կաթիլները կանգ էին առնում խորշոմների մեջ, որոնք, կերպարանափոխել էին նրա երբեմնի չքնաղ դեմքը։ Ճշմարիտ որ խղճալի էր նա, ինչպես այն հախուռն դարի ամեն մի կին։ Նա միայն մի ակնթարթ էր ապրել սիրով, միայն կրքի առաջին բորբոքումը, երիտասարդության առաջին տենդը, և այդ ակնթարթից հետո նրա դաժան հրապուրողը նրան թողել էր թրի համար, ընկերների համար, գինարբության համար։ Նա իր ամուսնուն տեսնում էր տարին երկու-երեք օր, որից հետո մի քանի տարի նրանից լուր չկար։ Իսկ ի՞նչ կյանք էր, երբ նույնիսկ տեսնվում էր նրա հետ, երբ նրանք միասին էին ապրում։ Նա համբերությամբ կրում էր վիրավորանքը, նույնիսկ ծեծը. նա գգվանք էր տեսնում, երբ այդ գգվանքը նրան տրվում էր որպես ողորմություն. նա մի տարօրինակ էակ էր անկին ասպետների բազմության մեջ, որոնց վրա զվարճասեր Զապորոժիեն նետել էր իր դաժան երանգը։ Երիտասարդությունն առանց վայելքի առկայծել էր նրա աչքերի առաջ, և նրա չնաշխարհիկ ու թարմ այտերը և կուրծքը թառամել էին առանց համբույրների և ծածկվել վաղահաս խորշոմներով։