Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր թշնամիները, և թող հավիտյան ցնծա Ռուս երկիրը»: Եվ այդտեղ էլ փչեց իր շունչը։ Շուրջը նայեցին կոզակները և այնտեղ, մի կողմի վրա տեսան Մետելիցիային, որ հյուրասիրում էր լեհերին, հարվածելով մեկ սրան, մեկ նրան։ Ւսկ մի այլ տեղ յուրայինների հետ թշնամուն խառնում էր ատաման Նևիլիչկին, իսկ սայլերի մոտ թշնամուն խառնում և կռվում էր ատաման Զակրուտիգուբան, իսկ հեռվի սայլերի մոտ երրորդ Պիսարենկոն արդեն ետ էր վանել մի ամբողջ հրոսախումբ. իսկ մի այլ տեղ սայլերի մոտ իրար էին բռնվել և կռվում էին հենց սայլերի վրա։

«Ւ՞նչ է, պաներ, — ձայն տվեց ատաման Տարասը, ձիու վրա անցնելով ամենքի առջևից. — վառոդամաններում դեռ կա՞ վառոդ, հո չի՞ թուլացել կոզակների ուժը, հո մեջք չե՞ն ծռում կոզակները»։

«Դեռ կա, բատկո, վառոդամաններում դեռ վառոդ կա, դեռ չի թուլացել կոզակների ուժը, և դեռ մեջք չեն ծռում կոզակները»։

Իսկ արդեն Բովդյուզն ընկավ սայլից. գնդակը դիպել էր ուղիղ սրտին։ Բայց ծերունին հավաքեց ողջ շունչը և ասաց.

«Չեմ ափսոսում, որ հրաժեշտ եմ տալիս աշխարհին, թող ամեն մեկին աստված պարգևի այսպիսի վախճան, և թող հավիտյան փառաբանվի Ռուս երկիրը»։ Եվ դեպի բարձունքները սլացավ Բովդյուզի հոգին, վաղուց մեռած ծերունիներին պատմելու, թե ինչպես են կարողանում կռվել Ռուս երկրում և դրանից էլ առավել՝ ինչպես են մեռնում այնտեղ հանուն սուրբ հավատի։

Շուտով, դրանից հետո, գլորվեց գետին նույնպես և կուրենի ատաման Բալաբանը։ Նա ստացել էր երեք մահացու հարված՝ նիզակի, գնդակի և ծանր թրադաշույնի։ Այնինչ նա մեկն էր քաջարի կոզակներից և երբ ատաման էր՝ ծովային շատ ասպատակություններ էր արել, բայց ամենից պանծալին արշավանքն էր դեպի Անատոլիայի ափերը։ Նրանք այն ժամանակ ավար էին առել շատ ցեխին, տաճկական թանկագին գորգեր, զգեստներ և այլազան արդուզարդ։ Բայց տանջանք քաշեցին վերադարձին. խեղճերը կերել էին տաճկական հրագնդերի կրակը։ Ինչպե՜ս էին կրակում նավից. նրանց նավակների կեսը պտույտ արին և շրջվեցին, և շատ-շատերը