Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խեղդվեցին ծովում, սակայն նավակների կողքերին կապած եղեգնը նավակները փրկեց խորտակվելուց: Բալաբանն ուժգին թիավարեց, կանգնեց արևի դեմ և այդ պատճառով տաճկական նավից նրան չտեսան։ Ամբողջ գիշերը նրանք շերեփներով և գդակներով դուրս թափեցին ջուրը և կարկատեցին ճեղքվածքները. կոզակների վարտիքներից առագաստներ սարքեցին, սլացան և փախան տաճկական արագընթաց նավից։ Եվ ոչ միայն նրանք ավարով վերադարձան Սեչ, այլև ոսկեկար շուրջառ բերին Կիեի Մեժիգորյան վանքին նվեր, իսկ Զապորոժիեի Աստվածածնի տաճարին նվիրեցին արծաթաձույլ դրվագ սրբոց պատկերի։ Եվ երկար ժամանակ փանդիռով կոզակների հաջողության գովքը գովեցին։ Այժմ նա խոնարհեց գլուխը և զգալով մոտալուտ մահվան տանջանքները, մեղմ ասաց. «Երևում է, պան եղբայրներ, որ ես մեռնում եմ ազնիվ մահով. յոթ հոգու թրով կտրատեցի, ինը հոգու նիզակով զարկեցի և անչափ-անհամար տրորեցի իմ ձիով, իսկ թե քանիսին խփեցի գնդակով՝ չեմ հիշում։ Ուրեմն թող հավիտյան ծաղկի Ռուս երկիրը»։ Եվ վեր սլացավ նրա հոգին։

Կոզակնե՛ր, կոզակնե՛ր, անպաշտպան մի թողեք ձեր զորքի թագն ու պսակը։ Արդեն շրջապատեցին Կուկուբենկոյին, արդեն Նեզամայկովի ողջ կուրենից մնացել էին միայն յոթ հոգի և նրանք էլ հազիվհազ էին պաշտպանվում։ Արդեն արյունոտվել էր Կուկուբենկոյի զգեստը։ Ինքը՝ Տարասը, տեսնելով նրա աղետը, շտապեց օգնության։ Բայց կոզակներն ուշ հասան։ Նիզակն ավելի շուտ խրվեց Կուկուբենկոյի սիրտը, քան դեն շպրտեցին նրան շրջապատող թշնամիներին։ Կուկուբենկոն հանդարտ թեքվեց իրեն գրկած կոզակների ձեռքերի վրա, և առվի նման հոսեց երիտասարդ արյունը, ինչպես թանկագին գինի, որ ապակե անոթի մեջ մառանից հանել էին անզգույշ սպասավորները. և հենց մուտքի առաջ նրանք սայթաքեցին և փշրեցին թանկագին անոթը. ամբողջ գինին գետին թափվեց, և մազերը փետեց տանտերը, որ վրա էր վազել, և որն այդ գինին պահել էր կյանքի լավ օրվա համար, որպեսզի, եթե աստված տա, ծերության ժամանակ հանդիպի երիտասարդ օրերի ընկերոջը և նրա հետ միասին վերհիշի նախնի այն ժամանակը, երբ այլ կերպ և ավելի լավ էր