Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դռանը սպասում էին թամբած ձիերը: Բուլբան թռավ իր ձիու` Դևի վրա, որ գազազած թեքվեց մի կողմ, իր վրա զգալով քսան փթի ծանրություն, որովհետև Տարասը չափազանց ծանր էր և հաստ: Երբ մայրը տեսավ, որ իր որդիները ևս նստեցին ձիերը, վրա վազեց դեպի կրտսեր որդին, որի դիմագծերն ավելի քնքշություն էին արտահայտում: Նա բռնեց նրա ասպանդակը, կպավ նրա թամբից և հուսահատ աչքերով նրան բաց չէր թողնում ձեռքից: Երկու հաղթանդամ կոզակներ նրան զգուշությամբ առան ձեռքերի վրա և տուն տարան: Բայց երբ նրանք դուրս եկան դարբասից, մայրը, — վայրի այծի թեթևությամբ, որ անհամապատասխան էր նրա տարիքին, — դարբասից դուրս վազեց, աներևակայելի ուժով կանգնեցրեց ձին և գրկեց նրանցից մեկին` խելացնոր և անզգա ջերմությամբ: Նրան նորից տուն տարան: Երիտասարդ կոզակները գնում էին հուզված և զսպելով արցունքը, երկյուղելով հորից, որը նույնպես մի քիչ հուզված էր, թեև ջանում էր ցույց չտալ: Գորշ օր էր, կանաչը վառ փայլում էր. թռչունները մի տեսակ աններդաշնակ էին ճռվողում: Բավական առաջ գնալուց հետո նրանք ետ նայեցին, իրենց խուտորը կարծես գետնի տակ էր անցել, և գետնի երեսին միայն երևում էին իրենց համեստ տան երկու ծխանները և ծառերի կատարները, որոնց ճղների վրա նրանք մանուկ օրերին մագլցում էին սկյուռի նման: Նրանց առաջ փռված էր միայն այն հեռավոր մարգագետինը, որ նրանց հիշեցնում էր իրենց կյանքի ողջ պատմությունը, սկսած այն տարիներից, երբ նրանք գլորվում էին նրա ցողապատ խոտերի վրա, մինչև այն տարիները, երբ այնտեղ սպասում էին սևաչյա կոզակուհուն, որը վախով սլանում էր մարգագետնի վրայով` իր կայտառ և արագ ոտքերի օգնությամբ: Ահա արդեն միայն ձողն է` ջրհորի վրա, վերևում` սայլի անիվը, որ միայնակ ցցվել է դեպի երկինք: Այն հարթավայրը, որոնք նրանք անցան, հեռվից երևում է լեռան նման և իր հետևում ծածկում ամեն ինչ:

–Մնաք բարով և՛ մանկություն, և՛ խաղեր, և՛ ամեն ինչ, ամեն ինչ․․․