Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կին: Կոզակները չորս օր կռվեցին և պայքարեցին, թշնամու գլխին թափելով քարերը և աղյուսները: Սակայն վերջացավ պաշարը, նրանք ուժասպառ եղան, և Տարասը վճռեց ճեղքել թշնամու օղակը: Եվ կոզակներն արդեն համարյա պատռել էին շղթան, և գուցե թե նրանց արագավազ ձիերը մի անգամ էլ հավատարիմ ծառայեին նրանց, երբ հանկարծ, հենց սրնթաց վազքի ժամանակ Տարասը կանգ առավ և բղավեց. «Կա՛ց, չիբուխս թութունի հետ ընկավ, չեմ ուզում, որ չիբուխս էլ ընկնի թշնամու ձեռքը»: Եվ կռացավ ծերունի ատամանը, խոտերի մեջ սկսեց փնտրել ծխախոտի ամանը և ծխամորճը, որ նրա անբաժան ընկերն էր ծովերի վրա և ցամաքում, և՛ կռիվների մեջ, և՛ տանը: Ւսկ այդ ժամանակ վրա վազեց մի հրոսակախումբ և բռնեց նրա զորեղ բազուկները: Նա փորձեց թափահարել ոտքերն ու ձեռքերը, բայց առաջվա նման գետին չգլորվեցին նրան բռնող հայդուկները: «Հե՜յ գիտի ծերություն»,— ասաց նա, և լաց լացեց հաղթանդամ և ալեհեր կոզակը: Բայց հանցավոր չէր ծերությունը. նրանց ուժը հաղթել էր Տարասին. երեսունից ավելի մարդ էր կախվել նրա ձեռքերից և ոտքերից: «Բռնվեցի՜ր, ագռավ»,– աղաղակում էին լեհերը: «Հիմա հարկավոր է միայն մտածել, թե ինչպիսի պատիվ տանք այս շանը»: – Եվ հեթմանի թույլտվությամբ որոշեցին նրան կենդանի վառել բոլորի առաջ: Հենց այդտեղ մի մերկ ծառ կար, որի կատարը փշրվել էր կայծակից: Երկաթե շղթաներով Տարասին քարշ տվին ծառի բնի մոտ, բևեռներով մեխեցին նրա ձեռքերը և նրան ավելի վեր բարձրացնելով, որպեսզի ամեն կողմից կոզակը երևար, սկսեցին ծառի տակ խարույկ պատրաստել: Սակայն խարույկին չէր նայում Տարասը և ոչ էլ մտածում էր կրակի մասին, որով պատրաստվում էին նրան վառել. այդ սիրելի մարդը նայում էր այն կողմը, որտեղ հրաձգությամբ պաշտպանվում էին կոզակները, բարձունքից նա ամեն ինչ պարզ տեսնում էր: «Գրավեցե՛ք, տղերք, իսկույն գրավեցեք,– բղավեց նա,– այն բլուրը, որ անտառի այն կողմն է. նրանք այդ բլուրին չեն մոտենա»: Սակայն քամին նրա խոսքերը տեղ չհասցրեց: «Ա՜հ, պիտի կորչեն, իզուր պիտի կորչեն»,– համարձակ ասաց նա և նայեց ներքև, որտեղ շողում էր Դնեստրը: Նրա աչքերում փայլատակեց ուրախությունը: Նա