Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
II

Երեք ձիավորները գնում էին լուռ ու մունջ: Ծերունի Տարասը մտածում էր անցած-գնացած օրերի մասին, նա վերհիշում էր իր երիտասարդությունը, այն տարիները, այն անցած տարիները, որոնց համար միշտ ողբում է կոզակը, կամենալով, որ իր ամբողջ կյանքը երիտասարդություն լինի: Նա մտածում էր, թե ինչպես Սելում պիտի հանդիպի իր վաղեմի ընկերներին։ Նա համրում էր նրանց, որոնք մահացել էին, և նրանց, որոնք դեռ ողջ էին։ Արցունքը հեզիկ ոլորվեց նրա բբի վրա, և նրա ալեհեր գլուխը վհատ կախվեց։

Նրա որդիները զբաղված էին այլ մտքերով։ Բայց հարկավոր է ավելի մանրամասն պատմել որդիների մասին։ Տասներկու տարեկան հասակում նրանց ուղարկել էին Կիևի ճեմարանը, որովհետև այն ժամանակի բոլոր պատվավոր իշխանավորներն անհրաժեշտ էին համարում իրենց երեխաներին կրթության տալ, թեև այդ արվում էր, որպեսզի հետո իսպառ մոռանան այդ կրթությունը։ Նրանք այն ժամանակ, ինչպես բուրսա մտնող բոլոր սաները, վայրենի էին, մեծացել էին ազատ, և միայն այնտեղ նրանք սովորաբար մի քիչ հղկվում էին և ստանում ինչ-որ ընդհանուր բան, որ բոլորին նմանեցնում էր իրար։ Մեծ որդին՝ Օստապը, իր ասպարեզն սկսեց առաջին տարին դպրոցից փախչելով։ Նրան ետ դարձրին, սաստիկ ծեծեցին և գիրքը ձեռքը տվին։ Նա չորս անգամ իր այբբենարանը հողի մեջ թաղեց, և չորս անգամ էլ անխիղճ կերպով նրան ծեծեցին և գնեցին նոր գիրք։ Բայց անկասկած նա հինգերորդ անգամն էլ կթաղեր գիրքը, եթե հայրը հանդիսավոր խոստում չտար՝ ամբողջ քսան տարի վանքի փոքրավոր պահել և կանխավ երդվել, որ նա հավիտյան չի տեսնի Զապորոժիեն, եթե ճեմարանում չսովորի բոլոր գիտությունները։ Հետաքրքիր է, որ այդ ասել էր նույն Տարաս Բուլբան, որը հայհոյում էր գիտությունը, և ինչպես մենք տեսանք, որդիներին խրատում էր երբեք չզբաղվել գիտությամբ։ Այդ ժամանակից սկսած Օստապն արտասովոր ջանասիրությամբ ձեռքն առավ ձանձրալի գիրքը և շուտով լավագույն սաների շարքն անցավ։ Այն ժամանակվա ուսման տեսակը խիստ տարբերվում էր կյանքի եղանակից։ Այդ սխոլաստիկ, քերականական, տրամաբանական և ճարտասանական նրբություններն