Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Օստապ Բուլբան մեծ ջանասիրությամբ սկսել էր սովորել տրամաբանություն և նույնիսկ աստվածաբանություն, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր ազատվում անողորմ ճիպոտներից: Բնական է, որ այդ բոլորը պետք է որևէ կերպ դաժանացներ նրա բնավորությունը և նրան հաղորդեր կարծրություն, որով աչքի էին ընկնում կոզակները: Օստապը միշտ համարվում էր լավագույն ընկերներից մեկը: Նա հազվադեպ էր առաջնորդում ուրիշներին հանդուգն ձեռնարկության ժամանակ, երբ հարկավոր էր կողոպտել ուրիշի պարտեզը կամ բանջարանոցը, սակայն նա միշտ մեկն էր առաջիններից, որոնք հավաքվում էին ձեռներեց բուրսակի դրոշակի ներքո, և երբեք, ոչ մի դեպքում չէր մատնի իր ընկերներին: Ոչ մի ճիպոտ և ոչ մի մտրակ չէին կարող ստիպել նրան այդ անելու: Նա ժուժկալ էր մյուս դրդումների հանդեպ, բացի պատերազմից և զվարթ խրախճանքից. համենայն դեպս համարյա երբեք ուրիշ բանի մասին չէր մտածում: Նա պարզասիրտ էր հավասարների հետ: Նա բարի էր, ինչպիսի բարություն կարող էր ունենալ այդպիսի նկարագրի տեր մարդը և այդպիսի ժամանակ: Նա սրտանց զգացվել էր խեղճ մոր արտասուքից, և միայն այդ էր նրան հուզում և ստիպում մտազբաղ խոնարհել գլուխը:

Նրա կրտսեր եղբայրը` Անդրին, ուներ քիչ ավելի կենսուրախ զգացմունքներ, որոնք ավելի զարգացած էին: Նա սովորում էր ավելի սիրով և առանց ուժերը լարելու, ինչպես սովորաբար ձեռնամուխ է լինում ծանր և ուժեղ բնավորության տեր մարդը: Նա ավելի հնարագետ էր, քան եղբայրը, ավելի հաճախ էր հանդիսանում բավական վտանգավոր ձեռնարկության առաջնորդ և երբեմն, իր հնարագետ խելքի օգնությամբ, կարողանում էր պատժից խույս տալ, այնինչ նրա եղբայր Օստապը, մի կողմ թողնելով ամենայն հոգս, հանում էր վերարկուն և պառկում հատակի վրա, ամենևին չմտածելով ներումն խնդրելու մասին: Նա նույնպես եռում էր քաջագործության ծարավով, բայց և միաժամանակ նրա հոգին մատչելի էր նաև ուրիշ զգացմունքների: Երբ տասնութ տարին լրացրեց, նրա ներսում սիրո պահանջը բռնկվեց վառ կերպով: Նրա ջերմ ցնորքների մեջ ավելի հաճախ սկսեց երևալ կինը: Ունկնդրելով փիլիսոփայական բանավեճերը, նա յուրաքանչյուր