Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որսի շուն, և այծյամի նման անհայտացավ, տեսնելով, որ կոզակները տասներեք հոգի էին։ «Դե, տղերք, փորձեք թաթարի հետևից հասնել… լավ է չփորձեք. հավիտյան չեք հասնի: Նրա ձին իմ Դևից արագ է վազում»։ Բայց և այնպես Բուլբան, երկյուղ կրելով թաքնված դարանից, զգուշացավ։ Նրանք ձիերը քշեցին դեպի մի փոքրիկ գետակ, որ կոչվում էր Թաթարկա և թափվում էր Դնեպրը, ձիերով ընկան ջրի մեջ և երկար ժամանակ լողալով անցան հոսանքի հետ, որպեսզի կորցնեն իրենց հետքը և այն ժամանակ, ափ դուրս գալով, շարունակեցին իրենց ճանապարհը։ Երեք օր անց նրանք արդեն հեռու չէին այն վայրից, որ նրանց ուղևորության կետ–նպատակն էր։ Հանկարծ օդը ցրտեց. նրանք զգացին Դնեպրի մոտ լինելը։ Ահա նա շողաց հեռվում և հորիզոնից անջատվեց իբրև մուգ շերտ։ Նրա սառն ալիքներից փչում էր զովը, նա տարածվում էր ավելի ու ավելի մոտիկ և վերջապես բռնեց երկրի մակերեսի կեսը։ Այդ Դնեպրի այն տեղն էր, ուր գետը, մինչ այդ խութերով սեղմված, վերջապես ազատություն էր ստանում և մռնչում էր ինչպես ծովը, ողողելով ափերը, և ուր գետի մեջտեղը եղած կղզիները նրան ափերից ավելի հեռու էին հրում, և նրա ալիքները լայն ու արձակ փռվում էին գետնի երեսին՝ չհանդիպելով ոչ քարափների և ոչ բարձրությունների։ Կոզակները ձիերից իջան, նստեցին լաստը և երեք ժամ լողալուց հետո հասան Խորտիցա կղզու ափերին, որտեղ Սեչն էր, որ այնքան հաճախ փոփոխում էր իր բնակատեղը։ Ափի մոտ բազմությունն աղմկում էր լաստավարների հետ։ Կոզակները ձիերը սարքի բերին։ Տարասը շտկեց իրեն, գոտին ամուր ձգեց և ձեռքով հպարտ սղալեց բեղերը։ Նրա երիտասարդ որդիները ևս, մի տեսակ երկյուղով և անորոշ հրճվանքով իրենց դիտեցին ոտքից գլուխ, և բոլորը միասին մտան արվարձանը, որ Սեչից կես վերստի վրա էր։ Ներս մտնելու ժամանակ նրանց խլացրին հիսուն դարբնի կռաններ, որոնք զարկում էին գետնի տակ փորած և ճիմով ծածկած քսանհինգ դարբնոցներում։ Փողոցում, սրահների ծածկի տակ, նստել էին հաղթանդամ կաշեգործները և իրենց ծանր ձեռքերով տրորում էին եզան կաշիները։ Տաղավարների տակ նստել էին կրամարները՝ կողքերին վառոդի, հրահանների և կայծքարի կույտեր։ Հայը կախել էր թանկագին աղլուխները: