Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հպարտ ու հզոր մարդիկ։ Ահա թե որտեղից է ամբողջ Ուկրաինան հեղեղում ազատությունն ու կոզակությունը: Ուղևորները մտան մի ընդարձակ հրապարակ, ուր սովորաբար հավաքվում էր ռադան։ Մի մեծ ու շուռ տված տակառի վրա նստել էր զապորոժցին` առանց շապիկի. նա շապիկը ձեռքին էր պահել և դանդաղ լցնում էր ծակերը: Նրանց ճանապարհը նորից կտրեց երաժիշտների մի ամբողջ խումբ, որի մեջտեղը պարում էր մի երիտասարդ զապորոժցի, գդակն ականջի վրա կոտրած և ձեռքերը վեր պարզած։ Նա միայն գոռում էր. «Շախով ածեք, շախով․․․ Ֆոմա, ուղղափառ քրիստոնյաներին արաղ մի՛ խնայի»։ Եվ Ֆոման, որի մի աչքը վիրավոր էր, ամեն մի մոտեցողի անհաշիվ լցնում էր մի վիթխարի գավաթ։ Երիտասարդ զապորոժցու կողքին չորս ծերունիներ պարում էին մանր ցատկումներով, ապա հողմի նման թռչում էին մի կողմի, համարյա երաժիշտների գլխի վրա, և հանկարծ իջնելով, կկզած սլանում էին և իրենց արծաթե պայտերով արագ ու պինդ դոփում խիտ կոխկրտած գետինը․․․ Խուլ թնդում էր գետինը չորս բոլորի վրա և հեռո՜ւ, հեռու արձագանքում էին հոպակները և տրոպակները, որ խփում էին սապոգների զրնգան պայտերով։ Բայց մեկը բոլորից ավելի բարձր էր կանչում և պարի մեջ մյուսներից ավելի բարձր էր թռչում։ Նրա մազերը ծածանվում էին քամուց, հզոր կուրծքն ամբողջովին մերկ էր. նա հագել էր ձմեռային տաք քուրք, և քրտինքը հեղեղի նման թափվում էր նրանից։ «Դե գոնե քուրքը հանիր», — ասաց վերջապես Տարասը։ «Տեսնում ես, ոնց է վառվում»։ — «Չի՛ կարելի, — բղավեց զապորոժցին: — «Ինչո՞ւ»։— «Չի՛ կարելի, ես այդպիսի սովորություն ունեմ՝ ինչ որ հանեմ, արաղի կտամ»։ Նրա գլխին վաղուց գդակ չկար, ո՛չ գոտի՝ կաֆտանի վրա, ո՛չ էլ ծաղկանկար թաշկինակ, այդ ամենը գնացել էր, որտեղ պետք էր: Բազմությունն աճում էր. պարողներին միանում էին ուրիշները, և առանց ներքին հուզման չէր կարելի տեսնել, թե ինչպես ամեն ինչ իրեն է քաշում պարը` ամենից ազատ, ամենից կատաղի պարը, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը, մի պար, որ իր հզոր հնարողների անունով կոչվում էր կոզակապար։

«Ա՛խ, եթե ձին չլինե՜ր, — աղաղակեց Տարասը. — ճշմարիտ