Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հը՜, դու մորդ փեշի տակ ես մեծացել, ինչպես տեսնում եմ, — ասաց Բուլբան։— Մորդ մի՛ լսի, որդի, կնիկարմատ է։ Նա ոչ մի բան չի հասկանում։ Ի՞նչ գգվանք է ձեզ պետք։ Մի լավ ձի և ազատ դաշտ՝ ահա ձեր գգվանքը։ Իսկ տեսնո՞ւմ եք այս թուրը՝ ահա ձեր մայրը։ Ինչ որ լցրել են ձեր գլուխը՝ բոլորն անպետք բաներ են, ճեմարանը և այն բոլոր գրքերը՝ քերականներն ու փիլիսոփայությունները, և այդ բոլոր այբ-ժե-ճե-ռան։ Թքել եմ այդ բոլորի վրա։— Այստեղ Բուլբան խոսքի մեջ գցեց այնպիսի մի բառ, որ նույնիսկ չի գործածվում տպագրության մեջ։ «Ա՜յ, ավելի լավ է եկող շաբաթ ես ձեզ ուղարկեմ Զապորոժ։ Այ թե որտեղ է ուսումը և ի՜նչ ուսում։ Այնտեղ է ձեր ուսումնարանը, միայն այնտեղ խելք կսովորեք»։

«Ուրեմն միայն մի շաբաթ ե՞ն նրանք տանը մնալու, – տխուր ասաց նիհար ու պառավ մայրը՝ արտասուքն աչքերին։— Խեղճերը ոչ պիտի կարողանան զվարճանալ, ոչ իրենց հոր տունը կարգին տեսնել, և ոչ էլ ես պիտի կարոտս առնեմ»։

«Հերիք է կռկռաս, պառավ։ Կոզակը նրա համար չի, որ կնիկարմատի հետ նստի, վեր կենա։ Թող նրանց երկուսին էլ թաքցնեիր փեշիդ տակ և նստեիր նրանց վրա, ինչպես հավի ձվերի վրա։ Գնա՛, գնա և մեզ համար շուտով սեղան պատրաստիր, ինչ որ տանը կճարվի։ Մեզ պետք չի մեղրահաց, գաթա և ուրիշ այդպիսի զիրթ–զիբիլ բաներ։ Բեր մեզ մի ամբողջ ոչխար, այծ բեր և քառասուն տարվա մեղրագինի։ Մեկ էլ արաղ շատ բեր, ոչ թե այն շինովի արաղից, որին խառնում են չամիչ և հազար տեսակ փսոր, այլ մաքուր, փրփուր արաղ, որ կատաղածի նման եռա և պճպճա»։

Բուլբան իր որդիներին տարավ վերնատունը, որտեղից արագ դուրս վազեցին երկու գեղեցիկ աղջիկ-սպասուհիներ՝ ալ կարմիր մանյակներով։ Նրանք հավաքում էին սենյակները և ըստ երևույթին վախեցան պանիչների գալուց, որովհետև այդ երիտասարդների ձեռքից բան չէր պրծնի, և կամ թե կամենում էին պահպանել իրենց կանացի սովորությունը՝ տղամարդ տեսնելուց ճչալ, ահաբեկված դուրս վազել և հետո, սաստիկ ամոթից, երկար ժամանակ ձեռքերով ծածկել դեմքը։ Վերնատունը կահավորված էր այն ժամանակի ճաշակով,