Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խոսք կապելով սրա-նրա հետ, բոլորին հյուրասիրեց, և հարբած կոզակները մի քանի հոգով թափվեցին հրապարակը, որտեղ սյունից կախված էին ծնծղաներ, որոնց զարկելով սովորաբար հավաքում էին խորհրդի։ Չգտնելով փայտերը, որոնք միշտ դովբիշի մոտ էին լինում, նրանք մի-մի ձողուն առան և սկսեցին զարկել ծնծղաները։ Զարկերի ձայնին ամենից առաջ մոտ վազեց դովբիշը, բարձրահասակ մի մարդ, որ ուներ մի աչք և այդ աչքն էլ սոսկալի քնատ էր։

«Ո՞վ է հադգնում ծնծղա զարկել», — գոռաց նա։

«Լռի՛ր, վերցրու քո փայտերը և զարկ, երբ քեզ հրամայում են», — պատասխանեցին հարբած ավագները։

Դովբիշն իսկույն գրպանից հանեց փայտերը, որ վերցրել էր իր հետ, քաջ գիտենալով այդպիսի պատահարների վախճանը։ Ծնծղաները որոտացին, և շուտով հրապարակում բոռերի նման սկսեցին հավաքվել զապորոժցիների սև խմբերը։ Բոլորը շրջան կազմեցին և երրորդ զարկից հետո վերջապես երևացին ավագները, կոշևոյը՝ ձեռքին գավազանը, իր արժանապատվության նշանը, դատավորը՝ զորական կնիքով, գրագիրը՝ թանաքամանով և եսաուլը՝ ցուպով։ Կոշևոյը և ավագանին հանեցին գլխարկները և չորս կողմը գլուխ տվին կոզակներին, որոնք խրոխտ կանգնել էին, ձեռքերը կողքերին հենած։

«Ի՞նչ է ասում այս ժողովը, ի՞նչ եք կամենում, պաներ», — ասաց կոշևոյը։ Հայհոյանքը և աղաղակները նրան չթողին խոսելու։

«Վա՛յր դիր գավազանը, վա՛յր դիր, սատանի ձագ, իսկույն վայր դիր գավազանը», — բազմության միջից բղավեցին կոզակները։ Չհարբած կուրեններից մի քանիսը, կարծես, ուզում էին հակառակել, և հարբած ու չհարբած կուրենները բռնցքամարտի ելան։ Աղմուկը և աղաղակը սաստկացավ։

Կոշևոյը ցանկացավ խոսել, բայց զգալով, որ գազազած և ինքնահաճ ամբոխը դրա համար կարող է իրեն ծեծելով սպանել, մի բան, որ նման դեպքերում համարյա միշտ տեղի էր ունենում, շատ խոնարհ գլուխ տվեց, վայր դրեց գավազանը և կորավ բազմության մեջ։

«Հրամայո՞ւմ եք, պաներ, որ մենք էլ վայր դնենք մեր արժանապատվության նշանները», – ասացին դատավորը,