Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտնահարի, բայց մի բան կմտածենք։ Թող ժողովուրղը հավաքվի, բայց ոչ թե իմ հրամանով, այլ իբրև թե իր կամքով։ Դուք գիտեք, թե ինչպես պիտի սարքել այդ։ Իսկ մենք ավագների հետ իսկույն հրապարակ կվազենք, իբրև թե բանից խաբար չենք»։

Նրանց խոսակցությունից մի ժամ չէր անցել, երբ արդեն զարկեցին ծնծղաները։ Իսկույն հայտնվեցին նաև հարբած ու խելքը կորցրած կոզակներ։ Կոզակների միլիոն գլխարկներ երևացին հրապարակում։ Ծայր առավ հարցուփորձ. «Ո՞վ էր, ինչի՞ համար է, ի՞նչ բանի համար են հավաքել»։ Ոչ ոք չէր պատասխանում։ Վերջապես այս և այն անկյունում լսվեց. «Ա՜յ թե իզուր տեղը կորչում է կոզակի ուժը. կռիվ չկա։ Մեր գլխավորները բոլորը դանդալոշ են, նրանց աչքերը ճարպակալել են… Չէ՛, երևում է, որ աշխարհում արդարություն չկա»։ Թվում էր, թե ավագանին զարմացել էր այդպիսի խոսքերից։ Վերջապես կոշևոյն առաջ անցավ և ասաց. «Պան զապորոժցիներ, թույլ տվեք ինձ խոսք ասել»։

«Ասա՛»։

«Ահա, իմ խոսքը հիմա, պան զապորոժցիներ, այն դատողության մասին է, որ ասենք ինքներդ էլ շատ լավ գիտեք. զապորոժցիներից շատերը ջհուդների խանութներում պարտքի տակ են, ինչպես և պարտք են իրենց եղբայրներին, այնպես որ նրանց այլևս չեն հավատում և պարտք չեն տալիս։ Հետո նաև այն դատողության մասին է իմ խոսքը, որ շատ երիտասարդներ կան, որոնք աչքով չեն տեսել, թե ի՞նչ է կռիվը, այնինչ ջահելի համար, ինքներդ գիտեք, պաներ, առանց կռվի ապրել չի կարելի։ Նրանից էլ ի՞նչ զապորոժցի դուրս կգա, եթե նա ոչ մի անգամ չի զարկել անօրենին»։

«Լավ է ասում», — մտածեց Բուլբան։

«Պան զապորոժցիներ, չկարծեք, թե այս բանը ես ասում եմ, որպեսզի հաշտությունը քանդեմ։ Քա՜վ լիցի, ես հենց այնպես ասացի, խոսքի օրինակ։ Ախր մենք աստծո տաճար ունենք, բայց մեղք է ասել, թե նա ինչի նման է։ Ահա քանի տարի է աստծո ողորմությամբ կանգուն է Սեչը, այնինչ մինչև այժմ նույնիսկ եկեղեցին ոչ միայն դրսից զարդարած չի, այլ նույնիսկ սրբոց պատկերները զարդ չունեն։ Մեկնումեկը թող մտածեր եկեղեցու համար գոնե արծաթե շուրջառ