Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զապորոժցիները քիչ էր մնում թափով բարձրանային պատնեշի վրա, սակայն նրանց ետ մղեց թշնամու զորեղ կարտեչը։ Քաղաքի բնակիչները, ըստ երևույթին, նույնպես չէին կամենում պարապ մնալ և խմբերով կանգնել էին քաղաքի պատնեշի վրա։ Նրանց աչքերի մեջ կարելի էր կարդալ հուսահատ դիմադրություն. կանայք նույնպես վճռեցին մասնակցել և զապորոժցիների գլխին թափեցին քարեր, տակառներ, թաղարներ, եռացրած կուպր և վերջապես պարկեր՝ լի ավազով, որ կուրացնում է աչքերը։ Զապորոժցիները չէին սիրում գործ ունենալ բերդերի հետ. բերդ պաշարելը նրանց գործը չէր։ Կոշևոյը հրամայեց ետ նահանջել և ասաց.

«Ոչինչ, պան եղբայրներ, մենք կնահանջենք, բայց թող նզովյալ թաթար լինեմ և ոչ քրիստոնյա, եթե նրանցից մեկին կենդանի բաց թողնենք քաղաքից։ Թող նրանք բոլորը շան նման սովից սատկեն»։

Զորքը, ետ քաշվելով, օղակեց ամբողջ քաղաքը և պարապությունից սկսեց ավերել շրջակայքը, հրդեհելով շրջակայքի գյուղերը, չհավաքած ցորենի դեզերը, ձիերի երամակներն արձակելով արտերի մեջ, որոնց մանգաղը դեռ չէր դիպել և որտեղ, հակառակի պես, օրորվում էին ծանր հասկերը՝ պտուղն արտասովոր բերքի, որ այն ժամանակ լիառատ ընծայել էր բոլոր հողագործներին։ Քաղաքից սարսափով դիտում էին, թե ինչպես էին ոչնչացնում իրենց գոյության միջոցները։ Այնինչ զապորոժցիները, իրենց սայլերը քաղաքի շուրջ բոլորը տեղավորելով երկու շարքի, բանակ էին դրել այնպես, ինչպես Սեչում՝ կուրեններով. նրանք ծխում էին իրենց ծխամորճները, փոխանակում էին կռվում ձեռք բերած զենքերը, խաղում էին աթուրմա, ջուխտ ու կենտ և սպանիչ սառնարյունությամբ դիտում էին քաղաքի կողմը։ Գիշերը խարույկ էին վառում. յուրաքանչյուր կուրենում խոհարարները պղնձե մեծ կաթսաների մեջ եփում էին քաշովի. ողջ գիշերը վառվող կրակների առաջ կանգնում էին անքուն պահակներ։ Բայց շուտով զապորոժցիներն սկսեցին ձանձրանալ պարապությունից և երկարատև զգոնությունից, որ աննպատակ էր։ Կոշևոյը հրամայեց նույնիսկ կրկնապատկել բաժին գինին, որ զորքի մեջ երբեմն գործ էր ածվում, եթե չկային դժվար սխրագործություններ ու զորաշարժեր։ Այդպիսի կյանքը դուրեկան