Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր երիտասարդներին և մանավանդ Տարաս Բուլբայի որդիներին։ Անդրին նկատելի կերպով ձանձրանում էր. «Անբան գլուխ, — ասում էր նրան Տարասը։ — Համբերիր, կոզա՛կ, ատաման կդառնաս։ Նա՛ չի քաջ զինվոր, ով կարևոր գործի մեջ չի կորցնում ոգին, այլ նա՛ է քաջ զինվոր, ով պարապությունից էլ չի ձանձրանում, ով ամեն ինչի դիմանում է, և նրան ինչ էլ անես, նա իր ասածը կանի»։ Բայց դյուրաբորբոք պատանին նման չէ ծերունուն։ Տարբեր են երկուսի նկարագիրը, և նրանք տարբեր աչքերով են նայում միևնույն բանին։

Այնինչ արդեն վրա հասավ Տարասի զորագունդը, որ բերում էր Տովկաչը. նրա հետ էին նաև երկու եսաուլ, գրագիրը և զորագնդի մյուս պաշտոնատարները. գումարված բոլոր կոզակները չորս հազար հոգուց ավելի էին։ Նրանց մեջ սակավ չէին նաև սեփական ձիերով կոզակներ, որոնք իրենք էին եկել իրենց կամքով՝ առանց զորակոչի, հենց որ լսել էին բանի էությունը։ Եսաուլները Տարասի որդիների համար բերել էին նրանց պառավ մոր օրհնությունը և յուրաքանչյուրին մի-մի տիրամոր պատկեր՝ մշտադալար նոճուց, Կիևի Մեժիգորսկ վանքից։ Երկու եղբայրները տիրամոր պատկերները կախեցին իրենց վզից և ակամա ընկան մտածմունքի մեջ, հիշելով իրենց պառավ մորը։ Նրանց ի՞նչ է ասում և ի՞նչ է գուշակում այդ օրհնությունը։ Արդյոք օրհնություն է հաղթությա՞ն՝ թշնամու դեմ, և ուրախ վերադա՞րձ դեպի հայրենիք՝ ավարով ու փառքով, որի մասին փանդիռ նվագողները հավիտյան պիտի երգեն, թե՞․․․ բայց մութ է ապագան և մարդու առաջ նա կանգնած է ճահիճներից ելնող աշնանային մշուշի պես։ Նրա մեջ խելահեղորեն և թևերը թափահարելով վեր ու վար են անում թռչուններ, իրար չճանաչելով, աղավնին չտեսնելով բազեին, բազեն՝ աղավնուն, և ոչ ոք չգիտե, թե որքան հեռու է թռչում իր կորստից․․․

Օստապն արդեն իր գործի վրա էր և վաղուց հեռացել էր դեպի կուրենները, իսկ Անդրին, ինքն էլ չիմանալով ինչու, սրտի վրա զգում էր մի ծանրություն։ Կոզակներն արդեն ավարտել էին իրենց ընթրիքը. խարույկները վաղուց հանգել էին, հուլիսյան չքնաղ գիշերը պատել էր օդը։ Սակայն Անդրին չէր գնում դեպի կուրենները, քնելու չէր պառկում