Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է, ես էլ եմ գալիս ձեզ հետ, աստված վկա, գալիս եմ: Ի՞նչ ունեմ որ այստեղ նստեմ, որպեսզի ես արի՞նջ ցանեմ, տնարար մա՞րդ շինեմ, ոչխար և խոզ պահեմ և իմ կնկա հետ սիլիբիլի՞ անեմ: Թող կորչի կնիկը, ես կոզակ եմ, չեմ ուզում: Ի՞նչ անենք, որ կռիվ չկա։ Ես ձեզ հետ հենց այնպես կգնամ Զապորոժ՝ քեֆ անելու: Աստված վկա, կգնամ»։ Եվ ծերունի Բուլբան հետզհետե տաքացավ, տաքացավ, վերջը բոլորովին բարկացավ, վեր կացավ սեղանից և խրոխտ կանգնելով, ոտքով դոփեց գետինը: «Հենց վաղը գնում ենք: Ինչո՞ւ ուշացնել: Ի՞նչ թշնամու կարող ենք այստեղ սպասել: Մեր ինչի՞ն է պետք այս տունը, այս բոլորը, ինչի՞ են պետք այս կճուճները»: Այդ ասելով, նա սկսեց փշրել և դեն շպրտել կճուճները և ամանները: Խեղճ պառավը, որ արդեն վարժվել էր իր ամուսնու այդպիսի արարքներին, տախտի վրա նստած տխուր նայում էր: Նա չէր համարձակվում մի բան ասել: Բայց լսելով իր համար սոսկալի վճիռը, պառավը չկարողացավ պահել արտասուքը, նա նայեց իր զավակներին, որոնց այդքան արագ պիտի հրաժեշտ տար. և ոչ ոք չի կարող նկարագրել համր զորությանը մայրական վշտի, որ կարծես դողդողում էր նրա աչքերի մեջ և ջղաձգաբար սեղմած շրթունքների վրա: Բուլբան սոսկալի համառ էր: Նա մեկն էր այն բնավորություններից, որոնք կարող էին առաջանալ միայն դաժան XV դարում, Եվրոպայի կեսթափառակյաց անկյունում, երբ ողջ հարավային նախնադարյան Ռուսաստանը, որին լքել էին իր իշխանները, մոնղոլական գիշատիչների անդիմադրելի արշավանքներից ամայացել և իսպառ խանձվել էր, երբ օջախից և օթևանից զրկվելով, մարդն այստեղ դարձավ խիզախ, երբ հրդեհի վայրում նա բնակություն էր հաստատում` դեմառդեմ հավիտենական վտանգի և ահեղ հարևանների, և վարժվում էր ուղիղ նայել նրանց աչքերին, հետզհետե անգիտանալով, որ աշխարհում գոյություն ունի երկյուղը, երբ ռազմի բոցերի մեջ ողջակիզվում էր սլավոնական վաղնջական ոգին և առաջանում էր կոզակությունը` ռուսական բնավորության լայն և սանձարձակ թափը, և երբ բոլոր գետափերը, գետանցները, առափնյա թեք ու հարմար վայրերը գրավում էին կոզակները, որոնց համարքը ոչ ոք չգիտեր և որոնց հանդուգն ընկերներն իրավունք ունեին պատասխանելու սուլթանին, որն