Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկ մյուս ձեռքը դեմ էին տվել խոնարհած գլուխներին, և նման դիրքով նրանք թվում էին ավելի քանդակի նման, քան կենդանի էակների։ Նրանք ո՛չ քնել էին և ո՛չ էլ ննջում էին, բայց թվում էր, թե անզգա էին դեպի ամեն ինչ, նրանք նույնիսկ ուշադրություն չէին դարձնում նրանց, որոնք բարձրանում էին սանդուղքով։ Սանդուղքի գլխին նրանք տեսան շքեղ հագնված, ոտքից գլուխ զինված մի ռազմիկի, որը ձեռքին աղոթագիրք ուներ։ Նա կամեցավ հոգնատանջ աչքերը դարձնել նրանց կողմը, բայց թաթարուհին նրան մի խոսք ասաց, և նա աչքերը նորից խոնարհեց իր աղոթագրքի բաց էջերի վրա։ Նրանք մտան աոաջին սենյակը, որ բավական ընդարձակ էր և ծառայում էր որպես ընդունարան և կամ նախասենյակ։ Այդ սենյակը լիքն էր պատերի տակ զանազան դիրքով նստած զինվորներով, սպասավորներով, գրագիրներով, մատռվակներով և այլ սպասավորներով, որոնք անհրաժեշտ էին լեհացի ազնվատոհմ իշխանի դիրքը ցույց տալու թե՛ իբրև զորավարի և թե՛ սեփական կալվածքների տիրոջ: Զգացվում էր հանգած ճրագի մխահոտը. դեռ վառվում էին երկու ուրիշ ճրագներ, որ դրված էին խոշոր, համարյա մարդու հասակի ջահակալների վրա, սենյակի մեջտեղը, չնայած որ լայն պատուհանի ճաղերի միջից վաղուց արդեն նայում էր առավոտը։ Անդրին հենց այն է՝ կամենում էր ուղղակի ներս մտնել կաղնու փայտից շինած լայն դռնով, որ զարդարված էր զինանիշով և այլ բազմաթիվ զարդերով, երբ թաթարուհին նրա թևից քաշեց և ցույց տվեց կողքի պատի մեջ եղած փոքրիկ դուռը։ Այդ դռնից նրանք նես մտան միջանցքը և ապա մի սենյակ, որ նա լավ դիտել չկարողացավ։ Փեղկի ճեղքից ներս ընկած լույսը դիպել էր արնագույն վարագույրին, ոսկեզոծ երիզին և պատի զարդանկարին։ Թաթարուհին այստեղ Անդրիին պատվիրեց սպասել, բացեց մի ուրիշ սենյակի դուռ, որտեղից շողաց կրակի լույսը։ Անդրին լսեց շշնջոց և մեղմ ձայն, որ նրա ներսում ցնցեց ամեն ինչ։ Բաց դռնից նա տեսավ, թե ինչպես վայրկենաբար երևաց կանացի վայելչակազմ մի կերպարանք, երկար ու փառահեղ ծամով, որ ընկել էր վեր բարձրացրած ձեռքի վրա։ Թաթարուհին վերադարձավ և ասաց, որ նա ներս մտնի։ Նա չէր հիշում, թե ինչպես ներս մտավ և ինչպես նրա ետևից դուռը փակվեց։ Սենյակում վառվում