Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ, իր ողջ գեղեցկությամբ ու պատանեկան արիության ուժով, մի արիություն, որ թվում էր, թե մարմնի անդամների անշարժության մեջ իսկ մատնում էր շարժումների սանձարձակ ազատությունը. նրա աչքերը շողում էին հստակ ամրությամբ, թավշանման հոնքը ձգվել էր աղեղի նման պիրկ, արեվառ այտերը փայլում էին կուսական կրակի ողջ պայծառությամբ և ինչպես մետաքս պլպլում էր նոր ու սև բեղը։

«Ո՛չ, ես անկարող եմ գոհունակություն հայտնել քեզ, ո՜վ մեծահոգի ասպետ, — ասաց աղջիկը, և դողդողացին նրա ձայնի արծաթյա հնչյունները։ — Միայն աստված կարող է քեզ երախտահատույց լինել և ոչ ես, անզոր կինս․․․»։

Նա ցած խոնարհեց աչքերը, ձյունե չքնաղ կիսաբոլորակներով աչքերի վրա իջան կոպերը, որոնք եզերված էին սլաքի նման երկար արտևանունքներով. խոնարհվեց և նրա չնաշխարհիկ դեմքը, և նուրբ կարմիրը շառագունեց նրան։ Անդրին չգիտեր ինչ ասել դրան ի պատասխան. նա կկամենար ասել բոլորը, ինչ կար իր հոգու մեջ, ասել նույնքան կրակոտ, ինչքան կրակոտ էր հոգու ներսը, բայց չկարողացավ։ Նա զգաց ինչ-որ բան, որ փակում էր շրթունքները. բառերը հնչյուններից մերկացան. նա զգաց, որ ինքը չէ, որ պիտի պատասխանի այդպիսի խոսքերին, որովհետև դաստիարակվել էր բուրսայում և ռազմի թափառական կյանքում, զգաց և զայրացավ իր կոզակի բնավորության վրա։

Այդ ժամանակ թաթարուհին ներս մտավ։ Նա արդեն ասպետի բերած հացը և ուտելիքը կտրատել էր և ներս բերեց ոսկե սկավառակի վրա ու դրեց իր պաննայի առջև։ Գեղեցկուհին նայեց նրան, նայեց հացին և աչքերը հառեց Անդրիին. շատ բան կար այդ աչքերի մեջ։ Այդ քաղցր հայացքը, որ ցույց էր տալիս զգացումներն արտահայտելու անզորությունը և ուժասպառ լինելը, Անդրիին ավելի մատչելի էր, քան բոլոր խոսքերը։ Նա հոգու մեջ հանկարծ թեթևություն զգաց. թվում էր, թե բոլոր կապերն արձակվեցին։ Այն ամենը, ինչ որ մինչ այդ զսպված էր մի դժվար սանձով, այժմ իրեն ազատ ու սանձերն արձակ զգաց և արդեն կամենում էր ժայթքել բառերի անզուսպ հեղեղով։ Այնինչ գեղեցկուհին, դառնալով թաթարուհու կողմը, անհանգիստ հարցրեց.

«Իսկ մա՞յրս։ Դու նրան հաց տվե՞լ ես»։