Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ նա այժմ վերհիշեց, որ անցյալ գիշեր տեսել էր Անդրիին մի կնոջ հետ բանակատեղիով անցնելիս, հիշեց և խոնարհեց ալեհեր գլուխը։ Եվ դեռ էլի չէր ուզում հավատալ, թե կարող է այդպիսի անարգ դեպք պատահել, որ իր հարազատ որդին ծախի հավատն ու հոգին։

Վերջապես, նա իր զորագունդը տարավ դեպի դարանը և զորքի հետ ծածկվեց այն անտառի հետևը, որ կոզակները չէին հրդեհել։ Իսկ զապորոժցիները, հետևակ ու հեծյալ, ելան երեք ճանապարհներով դեպի երեք դարբասները։ Մեկը մյուսի ետևից դուրս թափվեցին կուրենները՝ Ումանի, Պոպովիչևի, Կանևի, Ստեբլիկիվի, Նեզամայկովի, Գուրգուզիի, Տիտարևի և Տիմոշևի։ Միայն Պերեյասլավի կուրենը չկար։ Նրա կոզակները խորն էին ննջել և տանուլ տվել իրենց բախտը։ Եղավ կոզակ, որ արթնացավ կապկպված, թշնամու գերության մեջ, եղավ և այնպիսին, որ երբեք չարթնացավ և այդպես էլ քնած թաղվեց խոնավ հողում, իսկ ինքը՝ ատաման Խլիբը, առանց շալվարի և վերին արդուզարդի, իրեն գտավ լեհացիների բանակում։ Քաղաքում լսեցին կոզակների շարժումը։ Բոլորը դուրս ելան հողաթումբը, և կոզակների առաջ բացվեց կենդանի պատկեր, լեհացի դրանիկները, մեկը մյուսից գեղեցիկ, կանգնել էին հողե պատնեշի վրա։ Արևների նման ոսկեվորվել էին նրանց պղնձե գդակները, որոնց վրա կարապի նման ճերմակ փետուրներ կային։ Ուրիշներն ունեին թեթև գլխարկներ՝ վարդագույն և կապույտ, որոնց կատարները թեքված էին մի կողքի։ Նրանք հագել էին ոսկեկար և կամ ասեղնաթել պարզ կաֆտաններ, որոնց թևքերը ծալված էին վեր։ Ոմանք ունեին թանկագին ագուցարանով զենքեր և թրեր, որոնց պաները բարձր գին էին վճարել։ Եվ շատ ուրիշ արդուզարդեր ունեին նրանք։ Առջևում ամբարտավան կանգնել էր Բուջանի զորագնդի պետը՝ կարմիր գլխարկով և ոսկով պատած։ Նա ծանրամարմին էր, ամենքից բարձրը և հաստը, և լայն ու հարուստ կաֆտանը հազիվ էր պահում նրա գեր մարմինը։ Մյուս կողմը, համարյա կողքի դարբասների մոտ, կանգնել էր մի այլ զորագնդի պետ, մի կարճահասակ, ամբողջովին չորացած մարդ, սակայն նրա փոքրիկ և սուր աչքերը կախ ընկած թավ հոնքերի տակից ժիր նայում էին, և նա արագ չորս կողմն էր դառնում, իր չոր ու բարակ ձեռքով