Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և քեֆ անել, ինչպես կարող է քեֆ անել միայն ռուս մարդը: Ռեեստրալին կոզակներից բացի, որոնք պատերազմի դեպքում պարտավոր էին ներկայանալ, կարելի էր ուզած ժամանակ, մեծ նեղության դեպքում հավաքել նաև սեփական ձիերով կոզակների ամբողջ բազմություն, հերիք էր, որ եսաուլներն անցնեին բոլոր գյուղերի և ավանների շուկաներով ու հրապարակներով և սայլի վրա բարձրանալով բղավեին հուժկու ձայնով. «Հե՜յ, դուք, գարեջուր եփողներ և գարեջրի վարպետներ, հերիք է գարեջուր եռացնեք, թավալ տաք վառարանի կողքին և ձեր գեր մարմնով կերակրեք ճանճերին։ Ելե՛ք, ձեռք բերեք ասպետական փառք ու պատիվ։ Հե՜յ դուք, մաճ բռնողներ, արինջ ցանողներ, ոչխար պահողներ և կնիկ սիրողներ։ Հերիք է գութանի ետևից գնաք, հողի մեջ կեղտոտեք ձեր դեղին քոշերը, մոտենաք ձեր կանանց և խորտակեք ձեր ասպետական զորությունը։ Ժամանակն է կոզակի փառք վաստակելու»։

Եվ այդ խոսքերը նման էին կայծերի, որոնք ընկնում են չոր փայտի վրա։ Վար անողը փշրում էր իր գութանը, գարեջրի վարպետները և գարեջուր եփողները շպրտում էին իրենց տաշտերը և փշրում էին տակառները, արհեստավորը և չարչին սատանայի բաժին էին դարձնում արհեստը և կրպակը, ջարդում էին տան կճուճները, և բոլորը ձիավորվում էին։ Մի խոսքով, ռուսական նկարագիրն այստեղ ստանում էր հզոր ու լայն թափ և զորեղ արտաքին։

Տարասը զորագնդերի հին և հիմնական պետերից մեկն էր։ Նա ստեղծված էր ռազմի տագնապի համար և աչքի էր ընկնում իր շիտակ բնավորությամբ։ Այն ժամանակ արդեն զգացվում էր Լեհաստանի ազդեցությունը ռուս ազնվականության վրա։ Շատերը փոխ էին առել լեհական սովորություններ, մուծել էին շքեղություն, փառահեղ սպասավորներ, բազեներ, բարակապետներ, ճաշկերույթներ և ունեին պալատներ։ Այդ բոլորը Տարասի սրտովը չէր։ Նա սիրում էր կոզակների պարզ կյանքը և խռովել էր իր այն ընկերներից, որոնք հակված էին Վարշավայի կողմը։ Տարասը նրանց անվանում էր լեհական պաների ճորտեր։ Հավիտյան անխոնջ, նա իրեն համարում էր ուղղափառության օրինավոր պաշտպանը։ Նա ինքնագլուխ մտնում էր այն գյուղերը, որտեղ տրտնջում էին վարձակալների