Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ այդպես էր ահա անտառի մեջ, այնտեղ ԶոՀակի պալատում տեղի էր ունենում հրճվալից խնջույք։ Անտառի խորքից բերած երիտասարդներին միմյանց հետևից գետին էին փռում, գանգերը ջարդում և ուղեղները Բյուր ու Բուրին կերակուր տալիս։

Թարմ ուղեղներ էին, բաբախուն, արնոտ: Երկու հրեշները սաստիկ գոհ էին, Վացուց էր, որ նրանք այդպես անուշ ուղեղ ո՛չ տեսել էին և ո՛չ էլ կերել։ Գործակալները վարձատրվում էին, արբանյակները՝ շքանշաններով կուրծքը զարդարում։

Բյուրը նոր ուղեղների համը այնքան հավանեց, որ հայտարարեց, թե այնուհետև իրեն պետք է միայն այդպես կերակուր:

Բուրը Ֆրեյդունի որդու ուղեղը այնքան սննդարար գտավ, որ կտրուկ հայտարարեց, թե ապրել կարող է միմիայն այդպիսի– աջխատավորներից հանած՝ անուշ պատառներով։

Եվ մյուս օրն իսկ, ուղեղ որոնողների խումբը դարձյալ անտառ մտավ և Ֆրեյդունի դարբնոցի առաջ կանգ առավ։ Երկար չխոսեցին։ Թշվաո ծերունու երկրորդ որդուն ևս գետին տապալեցին ու շղթա զարկին: Ապա դեսուդեն ընկան, քսան երիտասարդներ ընտրեցին, առան և սուգն ու շիվանը հետքերի վրա՝ շուտով հեռացան…

Առին-գնացին, բայց անտառի մեջ թե ի՞նչ թողեցին— դժվար չէ անշուշտ երևակայել։ Ճիչ ու աղաղակ, փախուստի միտք, ամայի տներ, ավեր գործարաններ…

Ծեր Ֆրեյդունը բեկված սրտով` դառնապես լացավ, բայց երբ որդեկորույս աշխատավորները նրան շուրջն առին ու խորհուրդ հարցրին, նա այսպես խոսեք,

- Իմ խե՜ղճ եղբայրներ, մենք մտածում էինք, որ մեր ծնածը մերն էր, վաստակածը՝ մերը։ Բայց ահա անարգ բռնակալությունը և նրա թիկունք երկու վիշապները խլեցին մեզնից մեր որդիները ու տեղը թողին ավեր, կոծ, վշտացած սրտեր, անզավակ մայրեր… Արդյոք այդքան զոհեր նրանց գոհացրի՞ն, թե՞ վաղն էլ գուցե դեռ գան, իմ երրորդ որդուն, ապա չորրորդին, ձեր որդիներից մինչև ետին՝ տանեն այնտեղ գլուխները ջարդեն, ուղեղներով իրենք գերանան, մեզ՝ զավակներից մշտապե՞ս զրկեն…

Ոչ ոք չգիտեր այդ։ Ամենքը պահ մի հուսացին իրավ, որ գուցե հրեշներին այդքանը հերիք լիներ, որ գուցե այլևս ազատ մնային, զոհեր չտային։

Այնպես չէ՞, որքա՜ն միամիտ էին։ Երևի Բյուրի, մանավանդ Բուրի ստամոքսների մասին թեթև գաղափար անգամ չունեին…