Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԱՐԴԱԳԱՅԼ
(Homo homini lupus)
1

Ագարակում բնակվող մանուկը՝ պարտեզի մեջ թողված, վազվզեց թիթեռների ետևից, անցավ ցանկապատից, անգիտակցաբար առաջ գնալով մտավ անտառ… և մոլորվեց։

Թփից թուփ, ծաղկից ծաղիկ հեռացան թիթեռները, մտան խորքերը։ Մանուկն էլ նրանց ետևից։ Սիրուն ծաղիկներ այնքա՛ն կային, որ չնկատեց էլ, թե ինչպես անցել էր մեծ տարածություն և մտել մի անծանոթ տեղ։

Արևը մայր էր մտնում, երբ իրեն գտավ խիտ մացառներով ծածկված մի քարայրի կողքին։ Մեծ ժայռ էր, մեջը փորված, իսկ մուտքը ծառերով հովանավորված։

2

Քարայրում բնակություն էր հաստատել գայլի մի ընտանիք։ Մի հայր, մի մայր և երկու ձագուկներ։

Ձագուկները ընտանիքի ուրախությունն էին կազմում։ Ինչե՜ր ասես, որ չսարքեին չարաճճիները։ Գլորտվում էին հողերի մեջ, կնձկնձում, իրար խածնում, ծիծաղելի ոստյուններ անում ժամերով։ Հայրն ու մայրը, լավ ընթրիքից հետո, նստում էին քարայրի առաջ և դիտում լակոտների խաղը։