Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդ թափորը լուռ դիմեց դեպի ջրհորը։

Քաղաքն իրար անցավ։ Ի՞նչ, մի՞թե այդ խենթերն ուզում էին արձանը վեր հանել։

Գայլերը նորից սկսան ոռնալ, բարոյագետները, որոնք այժմ հաստափոր, կուշտ և ազդեցիկ անձեր էին դարձել— աղմուկ հանեցին, պառավները սկսեցին անեծք տեղալ, եզվիտները՝ բանադրանք…

— Մի՛ թողնեք,— գոռում էին գայլերը,— մի թողնեք արձանը հանելու։

— Սպանեցեք այդ անբարոյականներին,— ասում էին բարոյագետները,— դրանք ուզում են նորից այն մերկ կնոջը անամոթաբար հրապարակի վրա դնել։

Բայց եղբայրներն անվրդով՝ ջրհորի մոտ կանգ առան և սկսեցին փորել։ Հայրը բահերն էր սրում, մայրը՝ քաջալերում։

Մինչև երեկո, առանց կանգ առնելու, դուրս տվին քաղաքացոց կուտած աղբն ու ցեխը, ջրհորը երևան հանեցին, ապա սկսեցին պեղել։

Երեկոյան մթնելուն պես, նույն կարգով տուն մտան։ Գիշերը նորից լսվեցին մուրճի ձայներ, և քաղաքացիք մյուս օրը նորից տեսան նրանց ջրհորի մոտ։

Եվ այդ տևեց շատ օր.— շաբաթներ, ամիսներ, մինչև որ եղբայրները բոլորովին դուրս տվին ջրհորից ամեն ապականության և հատակին հասան։

Սակայն արձանը դեռ չէր երևում։ Տիղմը կոշտացել էր, գետինն ամրացել, արձանին իր մեջ շատ պինդ էր պահել։

Այդ բոլորը ոչինչ, եթե դրսից էլ արգելքներ չլինեին, Գայլեր, բարոյագետներ և կեղտի մեջ իրենց ավելի հանգիստ զգացող անձեր գիշերով աղբ էին լեցնում երիտասարդների փորած տեղը, երբեմն էլ դրսից քարեր էին շպրտել տալիս նրանց վրա և միշտ ծաղր կարկտում նրանց գլխին։

Եղբայրներից մեծը սկսում էր ընկճվել այդ բոլորից։ Բազուկները թուլանում էին, բահը ձեռքի մեջ դողում։ Միջնակը, դյուրաբորբոք էր, սկսել էր զայրանալ, հալածողների մշտատև լուտանքներից գրգռվում` կռվի էր ելնում նրանց դեմ, քարերին քարով պատասխանում, ժամանակ կորցնում, գործին վնասում։

Մնում էր կրտսերը։ Սա էր միայն, որ հանդարտ, գլուխը կախ ձգած՝ բահում էր միշտ։ Ո՛չ տիղմի ամրության դեմ էր հուսահատվում, ո՛չ լուտանքները լսելու գնում և ոչ իսկ տեղացող քարերի կամ ծաղրի դեմը պաշտպանվում։

Փորում էր, պեղում անընդհատ և տոկունությամբ։ Եվ այնքան փորեց