Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Թե ինչու ես սիրում եմ որսորդությունը

հեղինակ՝ Վախթանգ Անանյան

Է՜յ հին ծանոթներ,
Է՜յ կանաչ սարեր …
ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Այն բնությունը, ուր լեռնային վճիտ առվակի նման կարկաչել է իմ մանկությունը,— փարթամ է ու որսառատ։ Այնտեղ, ուր վերջանում է սաղարթախիտ դարավոր անտառն ու սկսվում ալ­պիական մուգ կանաչագույն պանորաման, ուր ձգվում են թավ­շյա սարահարթերը, դուք այժմ էլ կհանդիպեք մեր լեռների թագուհուն՝ եզջերվին։ Ամառը նրա մորթը շեկ կարմրագույն է և փայլփլում է արևի տակ՝ ոսկեզօծ բեհեզի նման։ Ամառը երբ բարձունքներում սարվորների ժխորն է տիրում, նա իջնում է հով ծմակները։ Ուշ աշնանը նա արածում է լեռան քամու սրբած լան­ջերին և անձկությամբ նայում ցած՝ տաք ու փարթամ անտառնե­րին ու ձորերին, ուր եզ ու գոմեշ, գառն ու ոչխար վայելում են բնության առատ բարիքր։

Այժմ էլ Արփավուտի մթին թավուտներում֊, ուր հողը հավիտենապես զրկված է արեգակի կենարար ճառագայթներից, ուր աճում ու փտում է դարավոր կաղնին, արջն իր քոթոթներով ետ է տալիս թափված տերևի հաստ շերտը և ագահությամբ խժռում տանձն ու կաղինը։ Իսկ դեկտեմբերի վերջին, երբ վեր է կենում ցրտաշունչ քամին, նա, հեվալով իր կուտակած ճարպի հաստ շերտի տակ, մագլցում է վեր ու ձմեռային քուն մտնում խոր քարանձավներում։

Այժմ էլ մեր լեռների ամենագողտրիկ, սքանչելի բնակիչնե­րը՝ քարայծյամն ու եղնիկը ոստոստում են թփուտներում, լեոան այն լանջերին, ուր փարթամ բուսականությունը հյուսվել են ժայ­ռերին, բարձրացել վեր և ապառաժները թաղել խիտ կանաչի մեջ։

Այժմ էլ, լուսադեմին, եթե զգուշությամբ բարձրանաք մեր գյուղի վերև ընկած բլուրներն, ուր ամռան լուսընկա գիշերներին եզները մեղմ, որոճացել են, և խլուրդը գետնուղիներ է փորել, դուք կպատահեք մեր հանդերի ամենախորամանկ կենդանուն՝ աղվեսին՝ մուկ որսալիս։

Իսկ գայլը քայլ առ քայլ ժայռերի ու թփերի հետևից այսօր էլ հետևում է հոտին։

Ես մեծացել եմ այդ կենդանիների մեջ, եղնիկների հետ, եղնիկի պես…

Քանի՜–քանի անգամ հանդիպել եմ նրանց, հիացմունքով դիտել, երբ նրանք թեթև սուրացել են լեռն ի վեր, երբ քարայծը թռչկոտել է բարձրաբերձ ժայռերի ճակատին։ Եվ քանի՜–քանի անգամ հեվ ի հեվ վազել եմ, կախվել ժայռերից, փորսող եմ տվել թփերի տակ, ու սուլել է իմ հրացանի գնդակն անողորմ ու դաժան։

Լեռը, անտառը, խոխոջուն առուն, ծաղիկների բույրը—ահա իմ մայրը, որի գրկում մեծացել եմ հարազատ մորից զրկվելուց հետո։ Թարմ ու հոտավետ կանաչը — ահա իմ անկողինը, ուր ննջել եմ ես զեփյուռի մեղմ շոյանքի տակ՝ աչքերս հառած աստ­ղալից երկնքին։

Եվ երբ լեռան կատարից դիտել եմ արևածագը, երբ ձյունը փայլփլել է ադամանդի շեղջի նման, երբ որոտացել է իմ հրա­ցանը փախչող այծյամների հոտի ետևից, ճչացել եմ ես մանկան բերկրանքով։

Երբ ջարդված ու հոգնած նստել եմ զուլալ ջրերի մոտ, ուսիցս ցած առել որսորդական պայուսակը, ինձ թվացել է, թե չկա ավելի ախորժելի բան, քան ցամաք հաց ու պանիրը, լեռնային վտակի ափին։

Երթ խարույկը ճարճատել է թանձր խավարի մեջ ու մեր ստվերները երկարել են մթին բլուրներում, երբ մենք շամփուրներ ենք պատրաստել մասրենու թարմ ոստերից և լսել ղազախեցի որսկան Շաքարի պատմությունները, մեզ գերել է բնության անդորրը, նրա իմաստուն խաղաղությունը։ Վտանգը հետևել է մեզ քայլ առ քայլ։ Սողացել ենք ձյան հյուսերի հետ, ապառաժից իջնելիս պոկ է եկել մեր հենարանը, մահասարսուռ դող ենք զգացել մթին որջի առաջ, երբ կրակոցից զարթնած արջը դուրս է եկել քարանձավից կատաղի մռնչյունով։

Այնուամենայնիվ, սառնամանիքը, քաղցը, ծարավը և որ­սորդության հետ կապված մյուս դժվարությունները չեն կոտրել իմ հոգու կորովը։ Դրանք ինձ ամրացրել են ֆիզիկապես, կոփել իմ բնավորությունը։

Եվ այժմ էլ, երբ ես ապրում եմ ա՛յլ վայրերում, ա՛յլ կյան­քով, երբ դարձել եմ գրքի ու գրչի մարդ, ես ավելի սրտառուչ, ավելի անզուսպ եմ ձգտում դեպի լեռները։

Հիմա էլ իմ հավատարիմ ընկերը, իմ հինավուրց բարեկամ հրացանը կախված է մահճակալիս վերև՝ քարայծի եղջյուրներից։ Երբ վերջանում է աշխատանքը և քաղաքը պատրաստվում է հանգստի օրվան, պատից ցած է իջնում իմ հրացանը և փամ­փուշտակալը նորից է ծանրանում։

Եվ այն ժամին, երբ մայրաքաղաքում պետական օպե­րայի դռներից դուրս է հոսում այլերանգ հասարակությունը, մեր խարույկը պայծառ ճաճանչելով վառվում է Չաթին Դաղի բարձունքներում, և մենք ագահությամբ ներշնչում ենք լեռնա­յին անապական օդը, արբենում հովի շնգշնգոցից ու նախա­զգում մոտալուտ որսի բերկրանքը։

Այդ իրոք որ հետաքրքրական և գեղեցիկ մի կյանք է, մար­դու մեջ կենսարար ուժերը վերարտադրող մի կյանք, որին կու­զեմ, որ ծանոթ լինի մեր պատանեկությունը։ Ոչ միայն ծանոթ լինի, այլև ապրի այդ կյանքով, սիրի շրջագայությունը լեռներում, թարմանա և ամրանա վաղվա պայքարների համար, սիրի զենքն ու որսորդությունը, սիրի մեր բնության հրաշալիքները։ Կար ժամանակ, երբ կարիքի տակ կորացած՝ մենք չէինք տես­նում արևի պայծառությունը և չէինք լսում զեփյուռի մեղեդին։ Մեր նոր սերունդը, որն ունի լազուր երկնքի նման ջինջ առօրյա, չի կարող սրտանց չսիրել լեռների վսեմությունը, ծաղկի բուր­մունքը և սվսվացող անտառը՝ լուսընկա գիշերին։ Մենք լիառատ պետք է օգտվենք բնության անհուն ու անսպառ գեղեցկությու­նից մեր մեջ այդ գեղեցկությունն ամբարելու, մեր ավյունն ու եռանդը բազմապատկելու համար։

Այդ կյանքի հրապույրը ես ներծծում եմ նեկտարի նման, այդ կյանքը ես ագահությամբ կլանում եմ բնության գրկում և արժե այստեղ մի քանի դրվագ պատմել այդ կյանքից։

(Հեղինակի «Որս» գրքի առաջաբանից)