Թուղթ Ակսել Բակունցին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Թուղթ Ակսել Բակունցին

Եղիշե Չարենց


Թուղթ Ակսել Բակունցին


ԹՈՒՂԹ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻՆ, ԳՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՑ

Իմ սիրելի Ակսե'լ, չեմ մոռացել ես քեզ...
Ահա նստած այստեղ, այս խստաշունչ հեռվում,
Մտաբերում, հիշում,- ու, տե՛ս - գրում եմ ես
Քեզ հանգավոր նամակ:- Այս ափերում,
Հյուսիսային այս ցուրտ, դժկամ հեռուներում
Եռում է կյանք մի այլ, անօրինակ ու նոր:-
Միայն Նեւա՛ն է, որ իր դարավոր հունով
Քշում է ջուրն իր գորշ դեպի անհայտ ափեր,
Այս ծանրանիստ Նեւան՝ անեզրական ու վեհ:
Այս քաղաքում, ուր ցոփ արքաներ են ապրել,
Ուր շաչել է մտրակը ստրուկների վզին,
Որպես վերին պարգեւ,- ուր հյուսիսի
Մառախուղի նման այս անտարբեր
Իշխաններն են դարեր առեւանգել, հարբել,
Կախաղաններ կանգնել հարյուրներով,-
Այս քաղաքում հիմա եռում է կյանք մի նոր,
Զարմանալի մի կյանք:- Այստեղ հիմա
Բանվորական դեմքեր դու կտեսնես միայն,-
Երեւանից մինչեւ օվկիանոսը Խաղաղ,
Օ, աշխարհո՛ւմ ամբողջ դժվար լինի մի այլ
Այսքան անխոնջ, զգաստ, խստաբարո քաղաք:-
Այստեղ զգաստ դեմքեր լոկ կտեսնես քո շուրջը,
Պարզ, հասարակ դեմքեր, դեմքեր, որ լուրջ են,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Այս հասարակ մարդկանց բազմություններն ահա,
Որ դեմքերի վրա ունեն պահած
Մի անխորտակ վճիռ,- այս մարդկանց ես
Տեսա գործի ժամին, տեսա հրկեզ
Հնոցների առաջ,- տեսա ինչպես
Գուրգուրանքով, սիրով, լրջությամբ խոր
Այդ ժխորում գործի, այդ պայքարում
Ընդդեմ նյութի,- անդուլ, գիշեր ու զօր,
Ընդվզում են նրանք ու մաքառում:-
Ինձ հմայեց այդ տենդը:- Այդ պայքարում վսեմ
Օ, ո՛չ թե մարդն էր լոկ խոփեր կոփում,
Այլ ներշնչում էր եւ՛ նյութը մի անհուն սեր
Աշխատանքում կոփվող նրանց ոգուն:
Տեսա հետո նրանց ես հանգստի ժամին,
Թատրոններո՛ւմ տեսա, միտինգներո՛ւմ,-
Եվ ամենուր նրանց այդ լուրջ, այդ խստամիտ,
Այդ մաքառող ոգի՛ն էր խանդից եռում:-
Եվ ամենուր նրանց հայացքների միջից
Աննինջ, հոգսը դեմքին, հետապնդում էր ինձ
Այն ղեկավարը մեծ, խստաբարո,
Որ մկանուտ մարդկանց բազմություններն այս հոծ
Մի առավոտ մղեց դեպի գրոհ...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Եվ նայելով նրանց, աշխատանքի բոցում
Իրենց ոգին կոփող այդ մարդկանց - ես
Տեսա, որ մի՛տք է մի ուղեղս սղոցում,
Ինձ անդադար կրծող մի միտք, թե մենք
Ունեցե՞լ ենք արդյոք մեր առօրյա գործում,
Մեր երգերում, գրած գրքերում մեր,-
Ունեցե՞լ ենք արդյոք մեր խոհերի խորքում
Այս խստությունը խոր ու անչափ վե՛հ:
Մեր երգերում, գրած մեր գրքերում բազում,
Մեր գործերում, թեպետ պոետական,
Մեր մտքերում՝ հաճախ թե՛ մեղկ, թե՛ գունազուրկ,
Մեր հույզերում - այնքա՜ն լիրիկական,-
Մենք չե՞նք եղել արդյոք զարմանալի անհոգ,
Զարմանալի անփույթ, հաճախ թեթեւ,-
Եվ պահեր ենք վսեմ մենք ունեցել եթե -
Դա չի՞ եղել արդյոք պատահական արդյունք
Պատահական ժամի... Կոփե՞լ ենք մենք
Մեր խոր խոհերն արդյոք աշխատանքի բոցում,
Կռե՞լ ենք խոսքը մեր, որպես պողպատ,
Որ նա տոկա, կիզվի ու անդադար շողա
Սերունդների սրտում... Եվ հնոցում
Այս օրերի, որ մեզ հրկիզում են անդուլ,
Հրո՛վ, հրո՛վ սրբում մեր պիրկ ոգին -
Տքնե՞լ ենք մենք արդյոք աշխատանքով հանդուգն,
Որ մեր գործի վրա ժանգ չչոքի...
Մտածե՞լ ենք արդյոք, որ խոսքը - թո՛ւջն է նույն՝
Դիմադրող, համառ,- եւ եթե մենք
Չհրկիզենք նրան մեր խոհերի հունում,
Աշխատանքով անդուլ թե չձուլենք -
Նա կխամրի, հանգած, կանոսրանա,
Կփուխրանա, ինչպես մգլած պտուղ,-
Եվ բշտիկներ կուռչեն, լցված օդով,
Այդ փչացած թուջի - այդ խոսքերի վրա...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Տրված է մեզ երգի անեզրական շնորհք,
Տրված է թափ, թռիչք, մտքի խոյանք ու թեւ,-
Իսկ մենք սահում ենք դեռ, զարմանալի թեթեւ,
Այն փոշապատ, մաշված ուղիների հունով,
Որ հունն է բութ մտքի, տրաֆարետի, սերտած
Երկու խղճուկ հանգի, երկու կռտած
Դատողության,- (թեկուզ հիմնականում
Դատողությունն այդ վեհ է, սակայն հաճախ
Բզկտում են նրան, փետրահանում
Ու կմախքը նրա խեղճ ու կրակ
Թրջում ճղճիմ, հիմար հիացմունքի թուքով:-
Այդպես կարող է լոկ ստրո՛ւկն հոգով
Անմտության, անշունչ հնչնախաղի փոխել
Հանճարեղ խոհն անգամ:- Այդպես ահա՛
Արծիվների թեւե՛րն են մարդիկ կտրում մեկ-մեկ
Եվ վանդակում պահում նրանց կմախքը լոկ
Փետրահանած ու մերկ):-
Հիմա խոհե՛ր կան՝ այդ արծիվների նման:-
Ու պոետներ բազում, որոնց համար
Հիմնականը փետո՛ւրն է - մի ամեհի խանդով
Փետրաթափ են անում նրանց անդուլ:-
Այդ խոհերից վսեմը - աշխատա՛նքն է գուցե.-
Կարդա՝ նրանց երգերը՝ աշխատանքին ձոնած,
Կարդա՛ սրտով մաքուր,- եւ ինձ ասա՛ հիմա՝
Աշխատե՞լ են նրանք երբեւիցե...
Գիտե՞ն նրանք արդյոք, որ խոսքը - թո՛ւջն է նույն,
Որ պահանջում է ջանք ու քրտնաջան լարում,
Մաքառման շունչ ջերմին, հոգնության տենդ ու թույն,
Պահանջում է խոնջենք . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . .

. . . . . . . . . . . . . . . . . . .

Մենք շա՜տ էինք անփույթ մեր հանճարի հանդեպ,
Մեր օրերի, գրչի, մեր խոհերի բազում:-
Վայե՞լ է մեզ լինել անինքնուրույն, անդեմ,
Եվ օրերում վատնել մեզ տրված գանձը զուր,
Ինչպես վատնել է այն ճորտը լեգենդական:-
Մենք երգեր ենք գրել:- Իմացե՞լ ենք, սակայն,
Որ խոսքը, շեշտը մեր յուրաքանչյուր,
Բաժանվելով մտքի՛ց մեր, մեր խոհերից -
Դառնում է ո՛չ թե լոկ դատարկ հնչյուն,
Այլ բարձրացող, ելնող սերունդների
Սրտին, մտքին, ոգուն ու տենչանքին նետած
Մի դրոշակ, կամ սեւ նշավանքի նշան:-
Որ խոսքը, երգը մեր՝ մեր խոհերով նշած՝
Կամ կարող է լինել հուրհուր դրոշ,
Կամ անկումի ժամին մեր խոհերից պոկած
Ողորմելի մի լաթ, մի սեւ ծվեն, որով
Ցանկացել ենք մենք մեր եղկությունը ծածկել,
Մերկությունը ոգու ու անճարակ մտքի,
Որպեսզի սուր մի սեւ մեզ չծակե,
Որպեսզի միտքը մեր չբարձրանա ոտքի:-
Որ խոսքը - նյո՛ւթն է նույն, որ կոփում են սրանք,
Այս մկանուտ մարդիկ,- ու մեզանից
Պահանջում է նա սեր, ու տքնություն, ու ջանք,
Ու գերագույն լարում:- Եվ մենք քանի
Չենք սովորել դեռ մեր յուրաքանչյուր բառին
Նայել սիրով այս վեհ, այս խստությամբ ազնիվ,-
Դժվար թե խոսքը մեր հորիզոններ վառե
Եվ բարձրացող, ելնող սերունդներին հասնի...

. . . . . . . . . . . . . . . . . . .

Հասել ենք մենք արդեն այն սահմանին, որից
Սկսվում է մի նոր ու դժվարին վերելք:-
Սին տենչերի փոշին մեր խոհերից քերենք
Ու ճանապարհ ընկնենք, մե՜ծ ճանապարհ, նորից:-
Ես տեսնում եմ հիմա տարիների հեռվում
Հորիզոններ՝ բազում փորձությունով հղի,
Հերոսություն, պայքար եւ աննահանջ ուղի,
Որ մի՛ անգամ է լոկ մեզ աշխարհում տրվում:-
Ճանապարհին այս մեծ, այս վերելքին ահեղ
Մենք չե՛նք հոգնի երբեք, չե՛նք կորցընի ուղին,
Չկտրվենք եթե սերունդների հողից,
Սերունդների՛ աչքով թե մեր երթին նայենք...

. . . . . . . . . . . . . . . . . . . .

Հիմա խոհերն են այս իմ ճակատին նստել:-
Ինձ այսպիսի՛ խոհեր ներշնչեցին նրանք,
Այն խստադեմ մարդիկ, որ կոփում են այստեղ,
Այս ցրտաշունչ հեռվում, չտեսնված մի կյանք:-
Այն մկանուտ մարդիկ, որ պահանջկոտ են, լուրջ են,
Ինչպես այս գորշ Նեւան, այս աղջամուղջը,
Ինչպես տարիքը, հոգսը, ինչպես «վերին»
Իմպերատիվը սերունդների...


Լենինգրադ - 10-16-1929