Թ․ Թորամանյանի դասախոսության առթիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Թ. Թորամանյանի դասախոսության առթիվ

Հովհաննես Թումանյան

Վերջին տարիներս մեզանում հաճախ է խոսք լինում, թե մենք մեզ չենք ճանաչում և աշխատում ենք մեզ ճանաչել։ Մեզ ճանաչելու համար հետզհետե մեր շուրջը դիտելով ու մեր ներկան քննելով հանդերձ ուզում ենք թափանցել մեր անցյալը, ուսումնասիրել մեր հին կյանքն ու պատմությունը։

Վաղուց ասված է, թե անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար։

Մենք, որ մեծ անցյալի ու մեծ ավերակների վրա ապրող մի ժողովուրդ ենք, և ինքներս արդեն ըստ ամենայնի ավերակ ժողովուրդ, նոր ենք ջանքեր անում մեր խորտակված կյանքը վերականգնելու, վերանորոգելու և վերակազմելու, անցյալի ուսումնասիրությունը մեզ համար ունի առանձին կարևորություն, և մեր մեծ արժեքներն ու պարծանքներն էլ անցյալի մեջ են։ Անցյալի մեջն են և մեր արվեստները։ Գեղեցիկ արվեստները ֆիզիկական ու բարոյական առանձնահատուկ պայմանների մեջ ծնվելով ու զարգանալով՝ հատկանշում են ամեն մի ժողովրդի ինքնուրույն ազգային ոգին։

Գեղեցիկ արվեստների մեջ առանձին կարևորություն է ունեցել միշտ ճարտարապետությունը, որ կոչված է «քարացած երաժշտություն» և, մի անգամ ընդմիշտ քարացած կանգնած, չի աղավաղվում ժամանակի հետ։

Սրանից տասնյակ տարիներ առաջ մենք չէինք համարձակվի մտածելու, թե ունեցել ենք առանձին հայկական ճարտարապետություն, բայց էսօր, շնորհիվ գիտնականների ուսումնասիրության, ոչ թե լուրջ խոսք է լինում հայոց ճարտարապետության մասին, այլև նրա ազդեցության, որ արել է շրջակա ժողովուրդների ու հեռավոր ռոմանական ճարտարապետության վրա, հարկավ, ինքն էլ իր հերթին ազդվելով օտարներից։

Նոր է էս հայտնությունը ինչպես լուսավոր աշխարհքի, էնպես էլ մեզ համար։ Եվ էսօր առաջին անգամն է, որ հայ ճարտարապետը հրապարակավ պետք է խոսի հայ ժողովրդի հետ հայոց ճարտարապետության ու նրա ազդեցության մասին, և դուք առաջին ունկնդիրներն եք, որ լսում եք նրան։

Մեր հարգելի պ. Թորամանյանը, որ վկայված է Պետեր բուրգի Կայսերական Գիտությունների Ակադեմիայից և Վիեննայի համալսարանից և էս տարի մրցանակ է տարել, տասնևմեկ տարի է լուռ ու անդադրում ուսումնասիրում է հայոց ճարտարապետությունը՝ ավերակից ավերակ անցնելով։ Տասնևմեկ տարուց հետո՝ էսօր էնքան նյութ է հավաքել, որ Ստրիժեգովսկու նման հեղինակավոր մի գիտնականի իրավունք է տալիս մեր մասին գրելու էն տողերը, որ այժմ կկարդացվեն ձեր առաջ։ «Պատիվ ձեր մեծ ազգին», բացականչում է հայոց ճարտարապետության բեկորների առջև հիացած գիտնականը և խոստանում է հայտնություն անել Եվրոպայի առջև։

Եթե հիշենք, որ մի սառն ու լուրջ գիտնական է էսպես ոգևորված մեզ մեծ ազգ անվանողը Եվրոպայի առջև, և եթե հիշենք, որ Եվրոպան էլ լոկ աշխարհագրական տերմին չի, այլ ժամանակակից քաղաքակրթության հայրենիքը, կարող ենք չափել պ. Թորամանյանի մեծ ծառայությանը և մեր հին կյանքի ու անցյալի ուսումնասիրության նշանակությունը, անցյալի, որ մեր նոր կյանքի ու կուլտուրայի պատվանդանն է։ Մոտիկ առաջիկայում Հայոց Գրողների Ընկերությունը կազմակերպելու է մի մեծ երեկույթ, ուր կցուցադրվեն հայ ճարտարապետության նմուշները մոգական լապտերով ու նկարներով և պ. Թորամանյանը կխոսի ավելի հանգամանորեն, իսկ առայժմ էսօր կանի ընդհանուր տեսությունը և տեղեկություններ կտա մեր նախնիքների բարձր ճաշակից ու մեծագործություններից։

Փառք ու պարծանք մեր նախնիքներին, որ աշխարհավեր հեղեղների դիմագրավելով հանդերձ, մեզ համար էսքան շքեղ ժառանգություն են թողել, և փառք ու պարծանք գիտության մարդկանց ու հատկապես պ. Թորամանյանին, որ մեր ազգի մեծությունը ավերակների միջից հանելով՝ ոչ միայն օտարների առջև, այլև մեր աչքում դարձնում են մեզ մեծ ու հարգելի։


1914