Իմ լուսաստղը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ լուսաստղը

Եղիշե Չարենց

Սոնետ

Առավոտ կանուխ բարձրացի՛ր,
Երբ դեռ նո՛ր մարմանդ լուսանում է:-
Կտեսնե՛ս լուսա՛ստղը կապտածիր,
Որ պայծառ ցոլքով բարձրանում է:-
Ա՜խ, այդպե՛ս բարձրացավ մի օր
Աշխարհում, Չարե՛նց, քո անունը...
Բայց հետո - կլանեց անհունը
Քո լուսաստղը - ցոլուն, ոսկեւոր:

Այդ ո՛չ թե Արեւն էր՝ բարձրացավ
Եվ սրբեց ոսկեզօծ քո ցոլքը
Իր շքեղ ցոլքերով պայծառ:-

Ո՛չ:- Չնչի՛ն ամպերի սեւ զորքը
Պաշարեց Արեւ՛ից առաջ քեզ,-
Իսկ այնտեղ, ներքեւում,- երգի սով էր,-

Բայց ցնծում էր Պառնասն առանց քե՛զ...

1928